Թուրք պատմաբան, պրոֆեսոր Թաներ Աքչամը, որը տարիներ շարունակ զբաղվում է Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ, հարցազրույց է տվել ավստրիական Der Standard պարբերականին, որում հայտարարել է, որ այսօրվա Թուրքիան կառուցվել է Հայոց ցեղասպանության վրա։
NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է այդ հարցազրույցը։
Օտարերկրյա դիտորդների համար միշտ զարմանալի է եղել, որ Թուրքիայում ժխտում են Հայոց ցեղասպանությունը, եւ ոչ ոք չի ասում. «Այն, ինչ տեղի է ունեցել1915թ., եղել է այլ ռեժիմի ժամանակ, եւ մենք՝ որպես Թուրքիայի հանրապետության ներկայացուցիչներ, կարող ենք դա վերաիմաստավորել եւ այլ աչքերով դրան նայել»։ Ինչու՞ է Թուրքիայի համար դա այդքան բարդ։
Թուրքերը 1920թ. բաց թողեցին դա անելու հնարավորությունը։ Նրանք դա կարող էին անել 1918/1919թթ. հրադադարից հետո։ Երբ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիային իրենց մանդատը հաստատեցին Անատոլիայում, Թուրքիայում սկսվեց անցյալից խուսափելու եւ դրանից պաշտպանվելու ժամանակաշրջանը։
Օսմանյան կայսրությունից Թուրքիայի Հանրապետության անցումը վերջում նույնպես հեշտ էր։ Թուրքիայի անկախության համար մղվող պայքարը տարվում էր կուսակցության կողմից, որը կազմակերպել էր հայոց ցեղասպանությունը։ Միություն եւ առաջադիմություն կուսակցությունը հանրապետություն կերտած ուժն էր։ Հայոց ցեղասպանությունից դեպի Թուրքիայի Հանրապետություն անցման մեջ շարունակականություն կա։ Շատ մարդիկ, որոնք Ցեղասպանության մեջ մեծ դերակատարում ունեին, Հանրապետությունում բարձրաստիճան պաշտոններ էին զբաղեցնում։
Այսինքն, ուզում եք ասել, որ ցեղասպանությունը Թուրքիայի Հանրապետության հի՞մքն է։
Այո։ Երբ ես 1991թ. ցեղասպանության ուսումնասիրությունների վերաբերյալ թեզ էի գրում ու օգտագործում էի ցեղասպանություն եզրը, Թուրքիայում արդեն կային քաղաքական գործիչներ, որոնք բացահայտ ասում էին, որ եթե մենք հայերին չոչնչացնեինք, այսօրվա մեր հանրապետությունը չէինք ունենա։ Գաղափարը, որ հայրենիքը միայն ցեղասպանության հիմքի վրա է ստեղծվել, արդեն նստվածք էր տվել իշխող խավի շրջանում։
Թուրք մտավորականների շրջանում տրամադրությունները վերջին շրջանում փոխվել են։ Հիմա մարդիկ կարող են խոսել ցեղասպանության մասին, ձեր գրքերը Ստամբուլում վաճառվում են։
Իշխող էլիտայի փոփոխությունից հետո երկրում կփոխվի նաեւ անցյալի նկատմամբ վերաբերմունքը։ Իմ կարծիքով նման փոփոխություն էր 2007թ. Հրանտ Դինքի սպանությունը, որը փոխեց թուրք հասարակության բարոյական վերաբերմունքը անցյալի հանդեպ։ Նախքան Հրանտի սպանությունը մեզ՝ մտավորականներին եւ պատմաբաններին, դատարանից դատարան էին քարշ տալիս եւ ատելության քարոզ տանում մեր դեմ։ Թուրքիայի քաղաքացիական հասարակությունը վերջին տարիներին աճ է գրանցել, քրդական շարժումն ավելի ուժեղ է դարձել։ Քրդերը հայկական հարցին շատ մոտ են կանգնած։ Որքան մենք մոտենում ենք քրդական հարցի լուծմանը, այնքան մոտենում ենք այն կետին, երբ կարող ենք նորից բացել Հայոց ցեղասպանության թեման։
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն առաջ է քաշում ընդհանուր ցավի գաղափարը, որով նա նշում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության բոլոր ժողովուրդները տառապանքներ են կրել, այդ թվում՝ բալկանյան թուրքերը, հույները եւ հայերը։
Ես դա անվանում եմ ժխտման հին քաղաքականության հումանիստական շտրիխ։ Հենց դա է այն միակ բանը, ինչ Թուրքիայում փոխվել է։ Ցեղասպանությունը ժխտվում է, բայց հիմա գոնե չի օգտագործում ազգայնական ատելության հռետորաբանությունը։ Ցեղասպանության ժխտման համար մի քանի պատճառներ կան, որոնցից ամենակարեւորը ըստ իս փոխհատուցման հարցն է։ Եթե քաղաքական ղեկավարությունը ինչ-որ զիջում ցուցաբերի այդ հարցում, որը կնշանակի անցյալի ճանաչում, կհայտնվեն նաեւ այլ տուժածներ, որոնք պահանջներ կներկայցնեն։
Էրդողանը վերջերս հայտարարեց, որ պատմաբանները պետք է համատեղ հանձնաժողով ստեղծեն 1915թ. հարցը ուսումնասիրելու համար։ Կարծում եք, դա նշանակում է, որ Թուրքիան պատրաստ է փոխզիջումների՞ գնալ։
Դա միայն հռետորաբանություն է։ Այդ փաստարկն ինքն իրենով տարօրինակ է։ Տարիներ շարունակ հայկական հարցը ուսումնասիրող բոլոր պատմաբանները աշխարհին հայտնի են։ Նրանց կարծիքներն ու եզրակացությունները նույնպես հայտնի են։ Ի՞նչ եք կարծում, պետք է Մարսի՞ց մարդ բերենք, որը կփորփրի Ստամբուլի արխիվները։ Կամ մի՞թե ինչ-որ մեկը, ասենք այդ նույն արխիվը 15 տարի շարունակ տնօրինած Յուսուֆ Հալաչօղլուն, օրինակ, հանկարծ նի օր կասի. «Ես սխալվել եմ, իրականում ցեղասպանություն եղել է»։ Կամ ես այսքան տարի ուսումնասիրություններից հետո մի օր կանգնեմ եւ ասեմ «Ես գաղտնի փաստաթուղթ եմ գտել, եւ ահա, դա ցեղասպանություն չի եղել»։ Դա ծիծաղելի է։ Եթե նման փաստաթուղթ կա, ապա Թուրքիան առաջինը պետք է հանի իր արխիվից եւ ցույց տա այն։
Թուրքիայի պաշտոնական գիծն այն է, որ 1915թ. դեպքերը չեն կարող ցեղասպանություն համարվել, քանի որ ցեղասպանությունը՝ որպես իրավական եզր, ընդունվել է 1948թ. ՄԱԿ-ի կողմից։
Դա վիճելի է, քանի որ այդ եզրը ՄԱԿ-ում առաջին անգամ կիրառած մարդը՝ Ռաֆայել Լեմկինը, ուսումնասիրել էր հենց հայոց ցեղասպանության դեպքը։ Նա 1915 թ. դեպքերում տեսել էր այն, ինչ ցեղասպանություն էր համարել։ Ասել, թե 1948թ. սահմանումը չի տարածվում նրա վրա, ինչը դրանից առաջ է տեղի ունեցել, աբսուրդ է։ Իրավական տեսանկյունից ոչ մի տարբերություն, մենք դա ցեղասպանություն կանվանենք, թե մարդկության դեմ գործած հանցագործություն։
Խնդիրն այն է, որ Թուրքիան, կատարվածը ցեղասպանություն ճանաչելով, պետք է ներողություն խնդրի։ Եվ դրանից հետո միայն Թուրքիան պետք է Հայաստանի եւ հայկական սփյուռքի հետ բանակցություններ սկսի փոխհատուցում վճարելու համար։





























