ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ կրկին խուսափել է Հայոց ցեղասպանության մասին հարցերին ուղիղ պատասխաններ տալուց։
Նրա խոսքով՝ աս տարի իհարկե «որոշ մարդիկ հույս ունեին այլ բառեր լսել, եւ մենք իհարկե հասկանում ենք նրանց դիրքորոշումը»։ Սակայն, ինչպես նշել է Հարֆը, նախագահը մեկ անգամ չէ ներկայացրել 1915թ. կատարվածի հարցում իր դիրքորոշումը։
Այդ դիտարկմանը լրագրողը նշել է, որ անկասկած կային մարդիկ, որոնք ցանկացել են, որ ամեն բան մնա այնպես, ինչպես կա։
Պատասխանելով հարցին, թե նախագահը կարծում է, որ կատարվածը ցեղասպանությո՞ւն է եղել, Մարի Հարֆը հարցը վերահասցեավորել է Սպիտակ Տանը։ Պետդեպի ներկայացուցիչը խուսափել է պատասխանել նաեւ այն հարցին, թե եթե նախագահը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստանում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց չարեց, ապա կարո՞ղ է արդյոք նույն կերպ վարվել Իրանի դեպքում։
«Մենք բոլորս հասկանում ենք, որ կան մարդիկ, որոնք ցանկանում են այս տարի այլ բառեր լսել, եւ ես կարծում եմ, որ մենք կարող ենք սպասել, որ նախագահը այս տարի ելույթ կունենա, որով կնշանավորի 100-ամյակի պատմական նշանակությունը եւ ինչպես առաջ, այս անգամ նույնպես ցավակցանք կհայտնի 1.5 մլն զոհերի կապակցությամբ։ Այդպիսով նա այդ մասին կխոսի որոշ իմաստով, սակայն ես չեմ կարծում, որ դուք պետք է իրար հետ համեմատեք այս հարցերը։ Ես կարծում եմ, որ եթե դուք ցանկանում եք խոսել Իրանի եւ նախագահի ստանձնած պարտավորությունների մասին, մենք այդ մասին պետք է առանձին խոսենք»,- նշեց Հարֆը։
Լրագրողի այն հարցին, թե Հոլոքոստի կապակցությամբ այդ հարցը երբեք առաջ չի եկել, Մարի Հարֆը նշեց, որ չի պատրաստվում համեմատել այդ երկու իրադարձությունները։
Մեկնաբանելով այն հարցը, թե ԱՄՆ վարչակազմը Թուրքիայի ճնշման տակ է մնում, Մարի Հարֆը ընդգծեց. «Մենք ինքնուրույն ենք որոշում կայացնում այն մասին, թե ինչ ասել եւ ինչպես ասել»։





























