Անհնար է կանխատեսել, թե ինչպես կքվեարկեն Բունդեսթագի անդամները եւ ինչ որոշման կհանգեն։ Սակայն ինչ էլ ասվի, այն Թուրքիայի դեմ չի լինի։ Այդ մասին Երեւանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը՝ խոսելով վաղը՝ ապրիլի 24-ին կայանալիք Բունդեսթագի նիստի մասին։

«Սակայն ինչ էլ ասվի, այն Թուրքիայի դեմ չի լինի։ Մենք մշտապես հստակ ասում ենք, որ մենք մեկի կողմից, եւ մյուսի դեմ չենք։ Մենք երկու երկրների՝ Հայաստանի եւ Թուրքիայի կողմից ենք։ Գերմանիայում ապրում են եւ թուրքեր, եւ հայեր, եւ մենք ցանկանում ենք օգնել նրանց, որ հասկանան իրար։ Ներկայիս սերնդի՝ երիտասարդ հայերին եւ թուրքերին հարկ է հասկանալ, որ նրանք պետք է ապրեն միասին եւ պատրաստ լինեն երկխոսության»,- ասել է դեսպանը։

Մորելի խոսքով, գերմանական խորհրդարանի յուրաքանչյուր պատգամավոր անկախ է, բայց, որոշում կայացնելով, չի կարող հաշվի առնել, թե ինչ է կատարվում աշխարհում, բոլոր փաստերը, որոնք ստացվել են վերջին օրերին։ Սակայն ապրիլի 24-ից հետո դժվար չէ ինչ-որ բան փոխվի Գերմանիայի եւ Թուրքիայի հարաբերություններում, ինչ որոշում էլ կայացնի Բունդեսթագը։

Լրագրողների հարցին, պատրաստ է արդյոք անձամբ ասել «ցեղասպանություն» բառը, դեսպանը պատասխանեց, որ որպես դեսպան պաշտոնատար անձ է եւ պարտավոր է հետեւել կառավարության նախանշած պաշտոնական գծին։ «Սակայն անձամբ ես երջանիկ կլինեի ասելու այդ բառը»,- ասել է դեսպանը։