Հայոց ցեղասպանությունը հանցագործություն է, որը վաղեմության ժամկետ չունի։ Այս մասին ապրիլի 23-ին Երեւանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի Դաշնային ժողովի փոխնախագահ Նիկոլայ Լեւիչեւը։
Նրա խոսքով՝ սպանության ամենասարսափելի դրդապատճառը կարող է լինել այն հանգամանքը, որ մարդը զոհվում է միայն իր ծագման համար։ «Սա ողբերգական ամսաթիվ է, եւ մեր ազգերին միավորում է խոր ընդհանրությունը։ Մեր երկրի շատ քաղաքներում անցկացվում են այդ ողբերգությանը նվիրված միջոցառումներ։ Ցեղասպանությունը ողջ մարդկային քաղաքակրթության դեմ գործած հանցագործություն է։ Մենք իրավունք չունենք մոռանալ այդ հանցագործությունների մասին, քանի որ դա դուռ է բացում դեպի նոր հանցագործություններ»,- ընդգծել է Նիկոլայ Լեւիչեւը։
Սակայն, նրա խոսքով, միջազգային հանրությունը մինչ օրս ամբողջովին չի ճանաչել ցեղասպանությունը։ «Պետդուման դեռեւս 1995թ. Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ էր ընդունել։ Վաղը նույնպես Դուման դատապարտման բանաձեւ կընդունի։ Ներկա եւ ապագա սերունդների համար պատմական հիշողությունը շատ կարեւոր է։ Անհրաժեշտ է ընդհանուր մոտեցում ձեւավորել անցյալի նման հանցագործությունների գնահատական տալու համար»,- եզրափակել է Նիկոլայ Լեւիչեւը։





























