Այսօր Հայաստանը ճիշտ ուղու վրա է. երկիրն աշխատում է, որպեսզի աշխարհը ճանաչի եւ դատապարտի Ցեղասպանությունը: Այսօր՝ ապրիլի 23-ին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ երկիրը պետք է շարունակի ընթանալ այդ ուղով, իսկ Ցեղասպանության ճանաչմանը պետք է հետեւեն քայլեր, որոնք կհանգեցնեն առկա խնդիրների լուծմանն ու հատուցմանը: Այս աշխատանքը պետք է շարունակվի նաեւ ապրիլի 25-ից հետո: «Ապրիլի 25-ից հետո մենք կաշխատենք նույն ուղղությամբ, մենք պետք է կառուցենք հզոր երկիր», - նշել է պատգամավորը:
Մեկնաբանելով Ռեջեփ Թաիփ Էրդողանի վերջին հայտարարությունն այն մասին, որ ապրիլի 24-ին հայերը միայնակ «կտոնեն» Ցեղասպանությունը՝ Թեւան Պողոսյանը նշեց, որ չի կարծում՝ որեւէ մեկը կարող է ուրախանալ կամ «տոնել» ապրիլի 24-ը. դա ամենեւին «պարելու» տոն չէ: Ցեղասպանության մասին նման արտահայտությունը, պատգամավորի խոսքով, միայն ցույց է տալիս «Էրդողանի մտքի թռիչքը»:
«Մի՞թե Էրդողանը չի տեսնում, որ մենք միայնակ չենք: Եթե նա տեսնում է, որ մածունը սպիտակ է, սակայն այն համարում է սեւ, ապա կարելի է պատկերացում կազմել, թե ինչ է իրենից ներկայացնում Թուրքիան՝ Էրդողանի ղեկավարությամբ», - նշել է պատգամավորը՝ հավելելով, որ ցավում է, որ Էրդողանն ու Դավութօղլուն փորձում էինն Թուրքիան դարձնել մեծ պետություն, սակայն այս երկիրն ունի այն, ինչ ունի: «Մենք պարզապես պետք է համբերատար հետեւենք մեր հարեւաններին: Մեր հարեւանն այսպիսին է, եւ մենք պետք է հասկանանք, թե ինչ պետք է անել, այդ հարեւանների հետ ապագան հարթ դարձնելու համար», - եզրափակեց Թեւան Պողոսյանը:





























