Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը հայտարարել է, թե շարունակվում է աշխատանքը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքի ընդունման խոչընդոտները վերացնելու ուղղությամբ։

Ելույթ ունենալով Երեւանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումին՝ֆրանսիացի պատգամավորն ասել է. «Այսօր կուզենայի Թուրքիային կոչ անել ճանաչել հանցագործությունը։ Պատմական փաստեր ժխտող պաշտոնական Թուրքիայի արձագանքը չի փոխվել։ Բայց Ցեղասպանության այդ ժխտման մեջ ես դիտարկում եմ հանրային ազատությունների համար վտանգավոր միտումներ, քանի որ դրանով ոտնահարվում է արդարությունը։ Ուստի անհրաժեշտ է քրեական պատասխանատվություն սահմանել ցեղասպանությունների ժխտման համար եւ անել դա ամենուր»,- հայտարարե է Ֆրանսուա Ռոշբլուանը։

Ափսոսանք հայտնելով, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը խոչընդոտեց Հայոց ցեղասպանության քրեականացման օրենքի ընդունմանը, Ֆրանսուա Ռոշբլուանը հայտարարեց, թե շարունակվում է աշխատանքը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքի ընդունման խոչընդոտները վերացնելու ուղղությամբ։ «Թեեւ մենք զգում ենք Թուրքիայի ճնշումը մեզ վրա»,- ամփոփել է պատգամավորը։