Ցեղասպանությունների թեմատիկայի ուսումնասիրությունը անհրաժեշտ է, որպեսզի ապագայում թույլ չտանք դրա կրկնությունը։ Այս մասին ապրիլի 23-ին Երեւանում «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Իոաննիս Ամանատիդիսը։

Նա հիշեցրել է, որ հայկական խորհրդարանը ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի համահիմնադիրներից մեկն է։ «Մենք նշում ենք 2 իրադարձություն՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակը եւ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը։ Հայոց ցեղասպանությունը կոծկելու փորձերը հանգեցրին Հոլոքոստին։ 100 տարի անց հայերը արդարություն են պահանջում եւ սպասում»,- նշեց Իոաննիս Ամանատիդիսը։

Գլխավոր քարտուղարը նշեց, որ աշխարհի բոլոր ծայրերում հիշատակի միջոցառումներ են տեղի ունենում։

«Ցավոք սրտի մեր եղբայրների ջարդը շարունակվում է։ Եկեք այնպես անենք, որ ցեղասպանությունը չշարունակվի»,- հայտարարեց Ամանատիդիսը։