Մոտ մեկ ժամ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում պաշտոնապես հրապարակվել եւ արդեն շրջանառության մեջ է դրվել Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարություն, որը կոչվում է «Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակում»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի եհտ զրույցում ասաց ԵԽԽՎ Հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այս պահի դրությամբ հայտարարությանը միացել է 171 պատվիրակ, մի շարք պատվիրակներ ցանկություն են հայտնել միանալու դրան, հայտարարությունը բաց է լինելու շուրջ 3 ամիս, այնպես որ հայտարարությանը միացածների թիվը կավելանա: «Սա աննախադեպ հայտարարություն է, չեմ մտաբերում ԵԽԽՎ-ում նման հայտարարության ընդունում, որին միացած լինեին այսքան թվով պատվիրակներ եւ այսքան երկրներից, դրան միացել են 5 քաղաքական խմբերի ղեկավարներ, հանձնաժողովների անդամներ եւ այլն, սա լուրջ քայլ է»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ այսօր Ստրասբուրգի եկեղեցում տեղի կունենա Ցեղասպանոթյան 100-ամյակին նվիրված համերգ, կրկին նախատեսված է նաեւ ցուցահանդես:
Նշենք, որ հայտարարության տեքստում ասվում է, որ «ցեղասպանությունը սարսափելի հանցագործություն է հասարակության դեմ։ Նման հանցագործությունների կանխումը կարող է դադարեցնել հակամարտությունների, ողբերգությունների եւ հումանիտար աղետների էսկալացիան։ Հայոց ցեղասպանության միարժեք եւ ժամանակին դատապարտելու բացակայությունը զգալիորեն նպաստեց հետագայում մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների, ինպես Հոլոքոսթի ու մյուս ցեղասպանությունների, իրականացմանը։ 2015թ. ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ցեղասպանությունը։




























