Օսմանյան կայսրության տարածքում 1.5 մլն հայերի Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Գերմանիայի կառավարությունը կոչ է արել կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները։

Կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերգը հայտարարել է, որ Գերմանիան ցանկանում է աջակցել երկու կողմերի միջեւ մերձեցման գործընթացին։ Ի տարբերություն նախագահ Յոախիմ Գաուկի՝ նա չի օգտագործել ցեղասպանություն եզրը, գրում է Deutsche Presse Agentur-ը։ 

Նշենք, որ Գաուկը ապրիլի 23-ի երեկոյան Բեռլինի մայր տաճարում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված էկումենիկ աղոթքից հետո առաջին անգամ օգտագործել է ցեղասպանություն բառը։ Ապրիլի 24-ին կայացած նիստում այդ բնորոշումն է  տվել նաեւ  Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը։ Համաձայն Գերմանիայի ԱԳՆ տեղեկությունների՝  պաշտոնական Թուրքիայի կողմից դեռեւս ոչ մի արձագանք չի եղել։