«Ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայում իրականացված հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է։ Այն իմ հնամենի ազգի պատմության ամենատխուր օրն է, այն նաեւ ժամանակակից Եվրոպայի պատմության ամենատխուր օրերից մեկն է»։ Ասվում է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր, ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանի հոդվածում, որը հրապարակվել է ավստրիական Der Standard թերթում։
«Օսմանյան Թուրքիայի կառավարությունը նախապատրաստեց եւ հետեւողականորեն իրականացրեց 1․5 մլն հայերի զանգվածային կոտորածը, որը հանցագործություն էր ոչ միայն մի ազգի, այլ նաեւ՝ մարդկության դեմ։ Ժամանակի համաշխարհային մամուլը լի էր հայկական կոտորածները նկարագրող ահասարսուռ հոդվածներով։ New York Time-ը լայնորեն լուսաբանեց խնդիրը՝ միայն 1915 թ․ տպագրելով 145 հոդված։ Հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունը թերթը բնութագրեց որպես «համակարգված», «թույլատրված» եւ «կառավարության կողմից կազմակերպված»։
1915 թ. դաշնակից պետությունները՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ հայ ժողովրդի հանդեպ տեղի ունեցողը բնութագրելով որպես «հանցագործություն ընդդեմ մարդկության եւ քաղաքակրթության»։ Դա առաջին անգամն էր, որ երբեւէ այդ տերմինն հնչեցվել էր նման բարձր մակարդակով։
Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունների ուսումնասիրությունը հրեա հայտնի իրավաբան Ռաֆաել Լեմկինի համար դարձավ այն իրավական հիմքը, որի շնորհիվ նա ներմուծեց ցեղասպանությունը տերմինը եւ զարգացրեց միջազգային իրավունքի համապատասխան ճյուղը։ Ադոլֆ Հիտլերին պատկանող հայտնի պատմական մեջբերումը «հիմա ո՞վ է հիշում հայերի զանգվածային ջարդերը» արվել էր իր սարսափելի Հոլոքոստի իրականացման նախօրեին։ Համաշխարհային պատմությունը պետք է շարունակեր ցեղասպանություններ արձանագրել Կամբոջիայում, Ռուանդայում, Դարֆուրում եւ մերօրյա ԻՍԻԼ-ի կողմից վերահսկվող տարածքներում։
Ամենապատեհ հարցը, որը ծնվում է մեր մտքում վերաբերում է նրան, թե ինչպես երաշխավորել նմանատիպ հանցագործությունների կրկնության բացառումը։ Գիտական աշխարհը եւ ժամանակակից համաշխարհային միտքը փաստում են, որ ամենաճիշտ ճանապարհը ցեղասպանությունների ճանաչումն է ու դատապարտումը, ինչպես նաեւ այդ հանցագործություններն իրականացնողների նկատմամբ պատիժը։
Ավելի քան 20 երկիր, տարբեր միջազգային կազմակերպություններ, այդ թվում Եվրոպական Խորհրդարանը, համաշխարհային գիտական հանրությունը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ իրականացված հանցագործություն։ Նույնիսկ Թուրքիայի ռազմական դատարանը 1919 թ․ մահվան դատապարտեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից շատերին։ Ի հեճուկս այս ամենի՝ ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը շարունակում է ժխտողականության իր քաղաքականությունը, որը մարդկության դեմ իրականացվող հանցագործության վերջին փուլն է, այնպես ինչպես դա սահմանված է արդի քաղաքական մտքի եւ գիտական շրջանակների կողմից։ Ցավալիորեն, Էրդողանի կառավարությունն անգամ ուշադրություն չի տածում Թուրքիայի այն քաղաքացիների աճող բարձրաձայնումների վրա, որոնք պահանջում են անվանել եւ ամոթի սյունին գամել ցեղասպանության կազմակերպիչներին։ Դրա շնորհիվ կբացվի երկու հարեւան ժողովուրդների իրական հաշտեցման պատուհանը։
Թուրքիան ուշադրություն չի դարձնում միջազգային հանրության կողմից արվող կոչերին, որոնք հորդորում են Թուրքիային առերեսվել սեփական պատմության հետ։ Ժխտողականության քաղաքականություն իրականացնելիս Թուրքիան գրեթե միայնակ է մնացել։ Այս կոչերին ականջալուր լինելու փոխարեն Թուրքիան սպառնում է այդ երկրներին՝ մայրաքաղաքներից հետ կանչելով իր դեսպաններին։ Այն սպառնում է Ֆրանցիսկոս Պապին, որը վերջերս Վատիկանում Սբ․ Պետրոսի տաճարում հատուկ պատարագ մատուցեց։
Հայության ողբերգությունը նա բնութագրեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն՝ հավելելով, որ եկեղեցին Տիրոջ եւ արդարության տունն է, հետեւաբար այնտեղ ճշմարտությունը պետք է բարձրաձայնվի աներկբայորեն։
Մի քանի օր առաջ Ավստրիայի խորհրդարանը իր ձայնը միաձուլեց միջազգային հանրության կոչերին՝ հայկական կոտորածներն անվանելով Ցեղասպանություն, իսկ Թուրքիային կոչ արեց ճանաչել այն եւ դատապարտել։ Թուրքիայի արձագանքի մեջ ոչ մի նորություն չկար․ դեսպանը հետ կանչվեց եւ տեղական մամուլում հայտնվեցին հարյուրավոր հրապարակումներ, որոնք մեղադրում էին Ավստրիայի խորհրդարանի հայկական լոբբիին ծախված լինելու մեջ։ Պնդումներ, որոնց անգամ այդ ամոթալի հրապարակումների հեղինակները չէին հավատում։ Նրանք պարզապես ստիպված էին դա անել, քանի որ նրանք մաս են կազմում թուրքական կառավարության շարունակական ժխտողականության։
Երբ խոսքը գնում է մարդկության դեմ իրականացված հանցագործությունների եւ հատկապես ցեղասպանության մասին, դժվար է անտարբեր մնալ։ Որոշները նախընտրում են կանգնել իրականացնողների, իսկ մյուսներն էլ զոհերի եւ միլիոնավոր անմեղ մարդկանց կողքին, որոնք սպանվել էին միայն էթնիկ, ազգային եւ կրոնական պատկանելիության համար։ Թուրքիայում եւ արտերկրում ապրող միլիոնավոր թուրքեր անտարբեր չեն եւ պահանջում են ճանաչում։ Այսօր Ստամբուլի կենտրոնական հրապարակում տասնյակ հազարավորները երթի են դուրս եկել՝ իրենց ձայնը միաձուլելով միջազգային հանրության հորդորներին։ Թուրքիայի կառավարությունը կարող է ուշադրություն չդարձնել միջազգային ողջ հանրության կոչերին, սակայն այն պարտավոր է լսել իր այն քաղաքացիներին, որոնք հորդորում են առերեսվել սեփական պատմությանը»։




























