Ադրբեջանցիները հերթական անգամ փորձում են պատերազմել պատմության դեմ: Այս անգամ նրանց թիրախը Վաշինգթոնում կազմակերպված ցուցահանդեսն է, որը կրում է «Թագավորը եւ Թուրքիայից ու Իրանից մոսկովյան Կրեմլ եկած արեւեյլյան նվերները» անվանումը: Ցուցահանդեսը կազմակերպվել է Վաշինգթոնում` Սմիթսոնյան Ինստիտուտում։ Այստեղ ներկայացված են 15-17-րդ դարերի առարկաներ, որոնք օսմանյան եւ սեֆեւյան կառավարիչները նվիրել են ռուս թագավորներին: Ադրբեջանցիներին հատկապես դուր չի եկել, որ սեֆեվյան թագավորների նվերների ցուցանմուշների տակ նշված է. «իրանական սեֆեվյանների նվերները, որոնք տրվել են որպես օգնություն Նոր Ջուղայի հայերի կառավարմանը»: Նշվում է նաեւ, որ այդ ժամանակներում հայ վաճառականները գերիշխում էին Նոր Ջուղայում եւ ունեցել են առեւտրական կենտրոններ: Իսկ ամենասարսափելին ադրբեջանցիների համար այն տեղեկությունն է, որ հայերը սեֆեվյան կայսրության հիմնական մասն էին կազմում, միաժամանակ ոչ մի հիշատակում չկա Ադրբեջանի մասին: Այժմ ադրբեջանական լրատվամիջոցները աղաղակում են, թե իբր, իրենց պատմությունը աղավաղվում է:

Նշենք, որ Նոր Ջուղան գտնվում է Իրանի հյուսիս արեւմուտքում, Նախիջեւանի սահմանի մոտ, իսկ հին Ջուղան` արդեն Նախիջեւանի տարածքում, որտեղ վերջին տարիներին ադրբեջանցիները ոչնչացրեցին հայկական գերեզմանոցի խաչքարերը:

Կազմակերպված ցուցահանդեսի հովանավորներն են ռուսական «Լուկօյլ»-ը, ռուս-ամերիկյան Գործարար Խորհուրդը եւ ռուս-ամերիկյան առեւտրային պալատը: Ցուցահանդեսը կազմակերպվել է Մոսկովյան Կրեմլի եւ Արթուր Մ. Սաքլերի եւ Սմոթսոնյան ինստիտուտի պատկերասրահների կողմից: Այն տեւելու է մինչեւ սեպտեմբերի 13-ը: