«Հիմնադիր խորհրդարանը» մտադիր է ամեն օր՝ ժամը 18.30-ին, «Էրեբունի» թանգարանի դիմաց հանրահավաքներ անել, մինչեւ իրենց կտրամադրեն Ազատության հրապարակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԽ անդամ Կարո Եղնուկյանը:
Նա նշեց, որ երեկվանից մեկնարկել է «100-ամյակն առանց ռեժիմի շարժումը», իսկ թե ինչքան կտեւի, հայտնի չէ: Շարժման գլխավոր նպատակը իշխանափոխությունն է, առաջնահերթ քայլերից է ՀԽ կալանավորված անդամներին՝ «քաղբանտարկյալների» ազատ արձակելը: «Ինչպես տեսնում եք, երեկ ոչ մի զանգվածային անկարգություն չեղավ, ամեն ինչ անցավ խաղաղ ձեւով, տրամաբանությունը հուշում է, որ անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված ՀԽ անդամներին այժմ պետք է ազատ արձակեն, սակայն իշխանությունները դուրս են տրամաբանությունից»,-ասաց Կարո Եղնուկյանը:
Նա նշեց, որ իրեն չի հիասթափեցնում եւ հուսահատեցնում այն հանգամանքը, որ ՀԽ հանրահավաքին գալիս են քիչ մարդիկ, կարծում են՝ դրա վրա ազդում են տարբեր հանգամանքներ՝ վախը, եղանակային պայմանները, եւ այլն: ՀԽ անդամն ասաց, որ երբ հարցում են անցկացնում, մարդիկ դրական պատասխան են տալիս մասնակցությանը, բայց երբ գալիս է ֆիզիկապես ներա գտնվելու պահը, նրանք վախենում են գալ, պետք է հաղթահարել վախը:
«Քիչ մարդկանց մասնակցությունը մեզ չի հուսահատեցնում, չի փոխում մեր ծրագրերը, նպատակները: Ժողովուրդը նայում է՝ մենք մեր խոսքի տերն ենք, թե ոչ, եթե տեսնեն, որ մենք մեր խոսքի տերն ենք, կգան»,-ասաց Կարո Եղնուկյանը:



























