Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են նաեւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում։ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Չինաստանում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո:
Միջոցառմանը մասնակցել են Չինաստանի տարբեր քաղաքաներում բնակվող հայեր, այդ թվում` հայ ուսանողներ եւ գործարարներ: Դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել մոմավառություն, ծաղիկների զետեղման եւ խնկարկման արարողություն: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Դեսպանության ընդունելությունների սրահում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստավավերագրական «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել նաեւ Շանհայ եւ Հոնկոնգ քաղաքներում, որտեղ կազմակեպվել են նկարների ցուցադրություններ եւ ֆիլմի դիտումներ: Ապրիլի 25-ին Նանկին քաղաքում կկայանա հայ դասական երաժշտության երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Կորեայի Հանրապետությում՝ Ազգային Ժողովի ընդունելությունների սրահում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված լուսանկարների ցուցադրություն: Միջոցառումը կազմակերպել էր Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը Կորեայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:
Ցուցահանդեսին ներկայացվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող մի քանի տասնյակ լուսանկարներ եւ պաստառներ: Ցուցասրահում անցկացվեց հիշատակի հավաք, որի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Վիետնամական «AN VIEN» հեռուստաընկերությունը հատուկ թողարկում է հեռարձակել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Հաղորդման ընթացքում նշվեց, որ 2015թ. լրանում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը եւ հիշատակվեց, որ հայերը եղել են Օսմանյան կայսրության տարածքում ապրող քրիստոնյա փոքրամասնություններից, որոնցից 1.5 միլիոնը զոհ է գնացել Օսմանյան իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային կոտորածներին։
Նույն հաղորդման շրջանակներում ցուցադրվել է Գագիկ Կարագյոզյանի՝ Ցեղասպանության մասին պատմող «Կապույտ գիրքը» փաստավավերագրական ֆիլմը՝ վիետնամերեն կրկնօրինակմամբ։
Ֆիլմին հաջորդել է ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանի խոսքը՝ ուղղված վիետնամացի հեռուստադիտողին։






























