Ռուսաստանը մինչեւ վերջ կգնա՝ պաշտպանելով իր շահերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա կարծում է, որ Ղրիմը Ռուսաստանի կազմում վերադարձնելու հարցում ամեն ինչ ճիշտ է արել եւ ոչ մի բանի համար չի ափսոսում:
«Ես նրանց ասում էի, որ դա մեզ համար կենսական կարեւորության հարց է: Չգիտեմ, թե դուք ինչ շահեր եք պաշտպանելու, բայց մենք մեր շահերը պաշտպանելիս մինչեւ վերջ կգնանք»,- «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Նախագահը» ֆիլմում ասել է Պուտինը:
Նրա խոսքով, Ռուսաստանը չէր կարող լքել մարդկանց, ովքեր ցանկանում էին վերադառնալ Ռուսաստան եւ չէին ցանկանում լինել ծայրահեղ ազգայնականների եւ բանդերականների իշխանության տակ:
«Ոչ այն պատճառով, որ մենք ցանկանում ենք որեւէ բան պոկել: Եվ նույնիսկ ոչ այն պատճառով, որ Ղրիմը կարեւոր նշանակություն ունի Մերձսեւծովյան շրջանում: Այլ այն պատճառով, որ դա պատմական արդարության տարր է: Կարծում եմ՝ մենք ճիշտ վարվեցինք, եւ ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում»,- նշեց ՌԴ նախագահը:





























