Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումը ուղղված է բացառապես Հայաստանի դեմ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քաղաքագիտական եւ ռազամավարական ինստիտուտի վերլուծական բաժնի ղեկավար Ալեքսանդր Խրամչինը:
«Չնայած որ հայկական ավիացիան չունի բարձր ռազմական պոնտենցիալ՝ Ադրբեջանի զինանոցի նմանատիպ համալրումը սահմանափակում է Հայաստանի բոլոր հնարավորությունները: Այս քայլով Ադրբեջանն ամբողջությամբ բացառում է հետագայում իր համար տհաճ ցանկացած անակնկալների ի հայտ գալը: Պահեստում ունենալով նման ռազմական տեխնիկա, նա կարող է իրեն թույլ տալ սկսել պատերազմը»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ սա Ադրբեջանի « ռազմական ապահովության պաշարն է»:
Ինչ վերաբերվում է այն տեսակետին, ըստ որի՝ Ադրբեջանը սա անում է իբրեւ թե Իրանի կողմից հնարավոր օդային հարձակումից պաշտպանվելու համար, փորձագետն ասաց, որ Իրանի հետ պատերազմը անիրական է: «Ես չեմ կարող դա պատկերացնել»,- ասել է Խրամչինը՝ հավելելով, որ Իրանն առանց այդ էլ գտնվում է ծանր աշխարհաքաղաքական իրավիճակում,-«Այսպիսով նա իրեն միանգամից կհայտարարի ՆԱՏՕ-ի թշնամի»: Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի հայտարարությունը, որը պարունակում էր ակնարկ այն մասին, թե Իրանը թույլ չի տա պատերազմական գործողությունների վերսկսումը, քաղաքագետն անվանեց «բլեֆ, որը բնորոշ է Իրանին»:
Պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ է հնարավոր ռազմական լայնածավալ գործողությունների ծավալումը Ադրբեջանի կողմից, Խրամչինն ասաց, որ դրա հավանականությունը բավականին մեծ է:
«Երկրի իշխանություններն անընդհատ հայտարարում են, որ շուտով կազատագրեն տարածքները, գնում են 300 մլն դոլար արժողությամբ С300 համակարգեր եւ պարբերաբար լուրջ ներդրումներ են կատարում պետության ռազմական համակարգում։ Ամենայն հավանականությամբ կարելի է ասել, որ Ադրբեջանը պատերազմ կսկի»:
Փորձագետը նաեւ ընդգծեց Ադրբեջանի մենթալիտետի եւ ռազմավարական հավակնությունների հանգամանքը:
«Հայաստանին, որպեսզի ճեղքի պաշտպանության այդ համակարգը, անհրաժեշտ կլինեն ավելի շատ միջոցներ եւ ամբողջությամբ այլ սպառազինություն»,-նշեց Խրամչինը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ռուսական «Վեդոմոստի» պարբերականը, վկայակոչելով ՌԴ ռազմարդյունաբերական գերատեսչությանը, տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է երկու դիվիզիոն С-300 ПМУ-2 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրներ մատակարարել Ադրբեջանին:




























