Այն, որ վերջին մի քանի տարվա ընթացքում Ռուսաստանն ամրապնդել է իր դիրքերը ետխորհրդային տարածքում, իրականում առասպել է: Նման տեսակետ է հայտնել ռուս լրագրող Սերգեյ Պարխոմենկոն՝ «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով, միակ երկրները, որոնց հետո Ռուսաստանի հարաբերությունները փչացած չեն, դա Հայաստանն ու Ղազախստանն են: «Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների պատճառը պարզ է` Հայաստանը շատ բարդ կացության մեջ է գտնվում: Իսկ Ղազախստանը հսկայական սահմաններ ունի Ռուսաստանի հետ և տնտեսական այնպիսի սերտ հարաբերությունների մեջ է գտնվում, որ դժվար է պատկերացնել, ինչպես կարելի է դա քանդել: Հետխորհրդային մյուս երկրների հետ հարաբերությունները կամ գտնվում են բաց հակամարտության վիճակում կամ բացահայտորեն ցուցադրում են առկա ոչ դրացիական հարաբերությունները: Ես կասեի, որ այս արդյուքններն աղետալի են»,- ասել է նա:

Մասնավորապես անդրադառնալով հայաստանին, լրագրողը նշել է. «Հայաստանը շատ ուժեղ կախվածության մեջ է գտնվում Ռուսաստանից, ինչպես նաև „քնած“ պատերազմ է վարում Ադրբեջանի հետ: Մի կողմից էլ Թուրքիան է: Հայաստանը գտնվում է աշխարհագրական մեկուսացման մեջ և, իհարկե, կախված է ապրանքային ու էներգետիկ կամրջից, որն անցնում է Ռուսաստանով»: Բացի այդ, ըստ նրա, Հայաստանը շատ բարդ երկիր է, որը լի է անակնկալներով: «Հայաստանում մի ակնթարթում սպանել են կառավարության մի շարք անդամների, պետական հեղափոխության փորձեր են կատարվել, այնտեղ ծայրահեղ բարդ և աղմկահարույց ընտրություններ են անցկացվել, որոնք այնուհետև ուղեկցվել են տարբեր անկարգություններով: Մի խոսքով՝ այնտեղ ամեն ինչ շատ բարդ է»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Պարխոմենկոն հիշեցրել է պաշտոնական Բաքվի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի մասին արված հայտարարության մասին, որը ծայրահեղ տհաճ էր Ռուսաստանի համար: «Ադրբեջանի ԱԳՆ-ը շատ պարզ արտահայտվեց: Պարզ դարձավ, որ նրանք այդ տարածքներին վերաբերվում են որպես վրացական տարածքների և պնդում են, որպեսզի Ադրբեջանի քաղաքացիներն այնտեղ գնան միայն Վրաստանի տարածքով: Ադրբեջանն ավելի ու ավելի շատ է հակվում Թուրքիայի և մասամբ Իրանի կողմը: Մենք քաջատեղյակ ենք հարավային գազատարերի նախագծերում ադրբեջանական մասնակցության մասին և այլն»,-ընդգծել է նա: