Վայոց Ձորի մարզի Ազատեկ համայնքում «Հայկական միրգ» ծրագրի շրջանակում հիմնվել են  շուրջ 20 հեկտար բալենու, սալորենու, կեռասենու, նեկտարինի եւ ընկուզենու այգիներ: Ծրագրի հրավերով Հայաստան է ժամանել նաեւ ֆրանսիացի մասնագետ, ով գյուղացիներին ներկայացրել  է ընկուզենու մշակության տեխնոլոգիաների իրենց փորձը:

Գյունախարարությունից հայտնում են, որ գյուղ այցելած ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ ծրագիրը բավականաչափ շահավետ  եւ հատկապես  արդյունավետ է փոքր գյուղացիական տնտեսությունների համար: Այն հնարավորություն է ընձեռում 12 տարի ժամկետով վարձակալության հանձնել իրենց պատկանող հողատարածքները, որտեղ  բացառապես ծրագրի միջոցներով բարձրարժեք սորտի ծառատեսակներ են տնկվում, եւ արդյունքում ստացված շահույթի 25 տոկոսը հետ է վերադարձվում հողատարածքի սեփականատիրոջը: 

Բացի այդ, գյուղացիներն իրենք են աշխատում այդ նոր հիմնված այգիներում,  որի դիմաց նույնպես վարձատրվում են: Իր կողմից կատարված ներդրումները հետ բերելուց հետո վարձակալող ընկերությունը  պարտավորվում է գյուղացուն հետ վերադարձնել բերքատու այգին:

Գյուղացիների հետ զրույցների ընթացքում նախարարը հորդորել է նրանց միավորվել  եւ  կոոպերատիվներ ստեղծել, ինչը կօգնի խնդիրներին  համատեղ ջանքերով առավել հեշտ եւ արդյունավետ լուծումներ  տալ: