Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հորդառատ անձրևների դեպքում Հրազդան, Արփա, Որոտան, Ազատ, Ողջի գետերի և Սևանի հարավային ափի գետերի ավազաններում հնարավոր է ջրի մակարդակի բարձրացում և ափամերձ տարածքների ողողումներ: Այս մասին այսօր` ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմեդ ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը:

«Մայիսին գետերով անցնում է գարնանային վարարումների հոսքերի մոտավորապես 50 տոկոսը, քանի որ տեղի է ունենում գետավազանների մինչև 300 մետր բարձրություններում կուտակված ձյան հալք, ավելանում է  անձրևների քանակը: Հիմք ընդունելով մինչև այժմ դիտված եղանակային պայմանները և մայիս ամսվա եղանակային կանխատեսումները` գետերի մեծ մասում միջին ամսական ելքերը կանխատեսվում են նորմաների 80-130 տոկոսի սահմաններում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Սեւանին, ապա մասնագետի խոսքով` 2015թ. սկզբից մինչև այսօր Սևանա լճի մակարդակը բարձրացել է 20 սանտիմետրով, մայիսի  ընթացքում կանխատեսվում է լճի մակարդակի բարձրացում` 17-20 սանտիմետրով. «Ասօրվա դրությամբ Սևանա լճի մակարդակը  1900,33 մետր է, որն անցած տարվա այս ժամանակահատվածի համեմատ` 2 սանտիմետրով ցածր է»: