Յունիբանկի Privé մասնաճյուղը սկսում է հաճախորդների սպասարկումը

Անհատական բանկային սպասարկման ուղղության զարգացման նպատակով Յունիբանկը բացեց նոր մասնաճյուղ` Privé: Համապատասխան եկամտի մակարդակ եւ կարգավիճակ ունեցող հաճախորդներին բանկը կընդունի հարմարավետ, ընդարձակ եւ ժամանակակից չափանիշներով գործող նորաբաց գրասենյակում: Մասնաճյուղի հասցեն է` ք.Երեւան, Կիեւյան 8, թիվ 63:  

Unibank Privé-ի հաճախորդ կարելի է դառնալ` ձեւակերպելով առնվազն 40 մլն ՀՀ դրամ գումարով կամ համարժեք արտարժույթով ավանդ կամ ապահովելով հաշվի չնվազող մնացորդ: Այս ծրագրի շրջանակում բանկի կողմից առաջարկվող ավանդն առանձնանում է բարձր եկամտաբերությամբ` մինչեւ 17.5% տարեկան տոկոսադրույք: Ավանդի պայմանները բավականին ճկուն են եւ հաճախորդին հնարավորություն են տալիս ստանալու ոչ միայն բարձր եկամուտ, այլ նաեւ` արդյունավետ կառավարել խնայողությունները: Ավանդատուն կարող է համալրել կամ մասնակի ետ կանչել ավանդի գումարը, ինչպես նաեւ ընտրել տոկոսների հաշվեգրման տարբերակը: Եթե տոկոսագումարի տրամադրումը կատարվում է ժամկետի ավարտին, ապա ավանդատուին բանկն առաջարկում է հաճելի բոնուս` տոկոսադրույքի բարձրացում 0.5%-ի չափով:

Unibank Privé-ի hաճախորդներին բանկն առաջարկում է նաեւ պրեմիում կարգի VISA Gold եւ Infinite բազմարժութային քարտեր, որոնք ընձեռում են շուրջօրյա անհատական սպասարկման հնարավորություն, բժշկական եւ իրավաբանական աջակցություն, ավիատոմսերի, հյուրանոցի ամրագրում, ապահովագրություն եւ կոնսյերժ ծառայություններ: Որպես արտոնյալ առաջարկություն` տրամադրվում է 10% զեղչ կոմիսիոն ծառայությունների համար` տարեկան 500 000 ՀՀ դրամ գումարի դեպքում:

Բանկային ծառայությունների համալիր փաթեթից բացի, Unibank Privé-ի հաճախորդները ստանում են նաեւ լրացուցիչ հնարավորություններ: Priority Pass քարտը մուտքի իրավունք է տալիս 120 երկրների օդանավակայանների 700 VIP-գոտիներ, հնարավորություն ընձեռելով հաճախորդին հարմարավետ սպասելու իր թռիչքին: Որակյալ եւ շահավետ ռոումինգի համար անվճար տրամադրվում է նաեւ SIM-քարտ:

Սպասարկման բոլոր փուլերում հաճախորդի հետ աշխատում է անհատական ֆինանսական մենեջերը, որը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի դեպքում: Unibank Privé-ի հաճախորդը կարող է դիմել եւ հանդիպում նշանակել անհատական մենեջերի հետ իրեն հարմար ցանկացած ժամանակ: Բոլոր գործարքների անվտանգությունն ու գաղտնիությունը երաշխավորվում է:

«Այսօր որակյալ զարգացման հիմքը հաճախորդամետ քաղաքականությունն է: Հաշվի առնելով  մեր հաճախորդների ցանկությունը ընդլայնելու ֆինանսական  ծառայությունների տեսականին եւ ապահովելու անհատական սպասարկում, կարծում ենք այս ուղղությունը զարգացման լավ հեռանկարներ ունի նաեւ Հայաստանում: Unibank Privé-ի  հաճախորդներին  անհրաժեշտ է իրենց միջոցների գրագետ, մասնագիտական կառավարում, եւ մենք պատրաստ ենք առաջարկել անհատական լուծումներ` ֆինանսական հարցերը նրանց համար դարձնելով առավել պարզ եւ արագ լուծվող: Privé-ի հաճախորդներին Յունիբանկն առաջարկում է կապիտալի կառավարում, արդյունավետ ֆինանսական պլանավորում եւ ներդրումային ռազմավարության մշակում», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը: 

Յունիբանկը մշտապես մեծ ուշադրություն է հատկացրել մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը եւ սպասարկման որակի բարձրացմանը: Բանկը յուրաքանչյուր տարի ավելացնում է մասնաճյուղերի քանակը եւ աշխատանքներ տանում սպասարկման տարածքների բարելավման ուղղությամբ` բանկային ծառայությունները բնակչության համար առավել հասանելի դարձնելու նպատակով: Ընդհանուր առմամբ Յունիբանկի հաճախորդների թիվը գերազանցում է 280 հազարը: