«Աշտարակ-Կաթի» ընկերության ‹‹Լոռի›› պանիրը հավանության է արժանացել ՌԴ-ում եւ երկու անգամ Մոսկվայում կայացած ‹‹Պրոդէքսպո›› ցուցահանդեսում ճանաչվել է ‹‹Լավագույն արտադրանք›› եւ արժանացել որակի ոսկե մեդալի: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լուսինե Հովհաննիսյանը՝ Երեւանում կայացած «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսի ժամանակ:
Ցուցահանդեսը կազմակերպվել է «Մերիդիան» էքսպո-կենտրոնում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից:
«Ներկայումս արտահանում ենք «Легенды Армении» (Հայաստանի առասպելներ) մուրաբաներ եւ ջեմեր, որոնցով Հայաստանում այնքան էլ ճանաչված չենք, որքան մեր ավանդական դարձած կաթնամթերքով:
Արդեն որոշ ժամանակ է մեծ աշխատանք ենք տանում, որպեսզի ռուսաստանցի սպառողին ներկայացնենք «Աշտարակ-Կաթ» ընկերության Լոռի պանիրը, որը պատրաստվում է հայկական ավանդական բաղադրատոմսով:
Հայ սպառողների դատին այն վաղուց ենք ներկայացրել ու հավանություն ստացել», - նշեց Հովհաննիսյանը:
«Իսկ «Легенды Армении» (Հայաստանի առասպելներ) մուրաբաներն եւ ջեմերը արդեն ճանաչված են Ռուսաստանում, եւ պատրաստվում ենք ընդլայնել մեր արտահանման ծավալները՝ հայկական հողի բարիքները ներկայացնելով նաեւ ԱՊՀ երկրներում:», - եզրափակեց «Աշտարակ-Կաթի» ներկայացուցիչը:





























