Օգոստոսի 15-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը հինգ նախարարների ընկերակցությամբ Ստամբուլի հարակից Մեծ կղզում հանդիպել է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, այդ թվում հայերի հետ։ Էրդողանին, նրա օգնական Բյուլենտ Արինչին, պետնախարար Էգեմեն Բաղըշին, Ազգային կրթության նախարար Նիմեթ Չուբուքչուն, պետնախարար Ֆարուք Չելիքին եւ վարչապետ Էրդողանին դիմավորել է Ստամբուլին հարակից կղզիների վարչական ղեկավար Մուսթաֆա Ֆարսաքօղլուն, դատապաշտպան Քեզբան Հաթեմին եւ լրագրող Օրալ Չալըշլարը։

Թուրքիայի վարչապետը նավահանգստում խաղալիքներ է բաժանել երեխաներին, որից հետո զրուցելով հավաքված մարդկանց հետ, ոտքով քայլել է դեպի Անատոլիական ակումբ, որտեղ տեղի է ունեցել հանդիպումը:

Անատոլիական ակումբում Էրդողանի եւ 5 նախարարների հետ տեղի ունեցած ճաշկերույթին մասնակցել է հունական եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսը, Պոլսո հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, Ստամբուլի հայկական Սուրբ փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների ատենապետ Պետրոս Շիրինօղլին, Կղզիների թաղային խորհրդի ատենապետ Լեւոն Շատյանը, Ստամբուլում հրատարակվող հայկական «Մարմարա» եւ «Ակոս» թերթերի ներկայացուցիչներ, Թուրքիայում սիրիական ուղղափառ եկեղեցու հոգեւոր առաջնորդ Ֆիլուկսինոս Յուսուֆ Չեթինը, Կղզիների հունական համայնքի առաջնորդ Վասիլ Լամոպուլասը եւ այլն։

Հանդիպման ժամանակ Էրդողանն ասել է. «Դուք գիտեք, որ այժմ մենք ժողովրդավարացման համար ենք պայքարում, կռիվ ենք տալիս։ Ոմանց կարծիքով դրա կարիքը չկա, սակայն մենք այս հարցի վերաբերյալ վճիռը կայացրել ենք եւ բոլորով միասին կհաղթահարենք այն: Մենք դեմ ենք էթնիկ ազգայնականությանը, կրոնական ծայրահեղականությանը։ Թուրքիայում բոլոր կրոնները գտնվում են պետությունից հավասար հեռավորության վրա, որովհետեւ Թուրքիան ժողովրդավարական, աշխարհիկ, սոցիալական եւ իրավական պետություն է։ Երբ հետաքրրքված էի ֆուտբոլով եւ մեր հայ քաղաքացիների հետ ֆուտբոլ էի խաղում, նրանցից շատերի հետ ընկերացա։

Ոչ քուրդ, ոչ ալեւի, ոչ մեր եղբայր ազգային փոքրամասնությունների խնդիրները երբեք իրարից չենք գերադասել կամ ստորադասել։ Մեր մոտեցումը բոլորի նկատմամբ նույնն է։ Մենք տուրիզմից ստացվող եկամուտը տարեկան 8.5 միլիարդից հասցրեցինք 22 միլիարդ դոլարի։ Սակայն սա նույնպես քիչ է եւ պետք է միայն Ստամբուլը ապահովի այդ 22 միլիարդ դոլարը»։

Ճաշկերույթից հետո վարչապետ Էրդողանը կղզում այցելել է հունական մանկատուն, Սուրբ Յորգի եկեղեցի եւ Համիդիյե մզկիթ: