ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրությունների ընթացքում չեն գործադրվել իշխանական ռեսուրսները: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը: «Մենք բողոքներ չենք ստացել, չի եղել դժգոհություն ընտրատեղամասերում, որտեղ ներկայացված են եղել բոլոր քաղաքական ուժերի վստահված անձինք: Դրանք ազատ ու արդար ընտրություններ էին»,-ասել է Արզումանյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն էլ նշել է, որ ԼՂՀ-ում կայացած խորհրդարանական ընտրություններից պետք է օրիանկ վերցնել: «Քվեարկության ընթացքում ոչ մի կուսակցություն չի հաղթել ու չի պարտվել, հաղթել է Արցախի ժողովուրդը՝ անցկացնելով նման մակարդակի ընտրություններ»,-ասել է նա:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն ռուստամյանը նշել է, որ ընտրությունները երկրի ձեռքբերումների հայելին են, եւ ԼՂՀ-ն երեկ ապացուցեց, որ գտնվում է ժողովրդավարության զարգացման բարձր մակարդակի վրա: «Ես 4 անգամ հետեւել եմ ԼՂՀ-ում ընտրությունների ընթացքին եւ կարող եմ ասել, որ ամեն անգամ իրավիճակը բարելավվում է: Խորհրդարանական ընտրությունները մեծ քայլ էին ԼՂՀ միջազգային ճանաչման ճանապարհին»,-ընդգծել է Ռուստամյանը:

ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն էլ նշել է, որ ԼՂՀ-ում անցկացված ընտրությունների բարձր մակարդակը կարող է օրինակ ծառայել Ադրբեջանի համար, որտեղ արդեն մոռացել են, թե ինչ է նշանակում ժողովրդի ազատ կամարտահայտությունը:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն էլ ընդգծել է, որ ընտրողների 70 տոկոս մասնակցությունը ցույց տվեց, որ ԼՂՀ բնակիչները սկսել են մեծ նշանակություն տալ երկրի օրենսդիր մարմնին: