Հակերային հարձակումները նոր թափ են հավաքել: Այս անգամ հարձակման թիրախ են դարձել Հայաստանի գյուղատնտեսության եւ քաղաքաշինության նախարարությունների, ինչպես նաեւ www.iranahayer.com կայքէջերը:
Մասնավորապես www.iranahayer.com կայքէջը հայտնել է. «Մեր կայքէջը կրկին հայտնվել է ադրբեջանական հակերների հարձակման կիզակետում։ Վերջին տեխնիկական փոփոխությունների արդյունքում նրանք չեն կարողացել վնասել կայքէջը ամբողջությամբ, սակայն հեռացվել են վերջին օրվա նորությունները և տեսակետները։ Մենք նորից կտեղադրենք լուրերը սակայն տեսակետները վերականգնելու միջոց չունենք, որի համար հայցում ենք ընթերցողների ներողամտությունը»:
Գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջը բացելիս երեւում է հետևյալ գրությունը` «Coming soon, please, visit later!», իսկ քաղաքաշինության կայքէջը բացելիս, այն զգուշացնում է, որ վիրուս է պարունակում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեկ հակերների կողմից հարձակման են ենթարկվել ՀՖՖ, Սփյուռքի նախարարության և ԲՏԱ բանկի կայքէջերը, որոնք այս պահին արդեն գործում են:


























