Լեհաստանի դեսպանն ու նրա կինը վիրավորվել են Պակիստանում տեղի ունեցած ուղղաթիռի վթարից, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Իսլամաբադում Լեհաստանի դեսպանատնից։

«Այո, մեր դեսպանը վնասվածքներ է ստացել, սակայն նրա վիճակը կրիտիկական չէ։ Նրա կնոջ հետ նույնպես ամեն բան կարգին է։ Նրանք թեթեւ վնասվածքներ են ստացել եւ բուժում են ստանում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի  վաղ Պակիստանի բանակի ներկայացուցիչը հայտնել էր, որ ՄԻ-17 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արեւելքում գտնվող դպրոցի շինության վրա եւ հրդեհվել։Լրատվամիջոցների տեղեկություններով՝ զոհվել են Նորվեգիայի ու Ֆիլիպինների դեսպանները, Մալայզիայի եւ Ինդոնեզիայի դեսպանների կանայք, վիրավորվել են Լեհաստանի եւ Նիդերլանդների դեսպանները։ Ընդհանուր առմամբ զոհվել է 6 մարդ, որոնց թվում՝ 2 օդաչուները։