Երեկ «Տհաճ եթեր» նախաձեռնությունը «Հայացք» ակումբում ամփոփել է իր մոնիտորինգի արդյունքները եւ եկել այն եզրակացության, որ ամենատհաճը Հ1-ի եթերն է: Նախաձեռնության համակարգող Նարեկ Մալյանը նաեւ նշել է, որ մայրաքաղաքի բոլոր հեռուստաալիքներն արժանի են այդ մրցանակին, բացի «Հայրենիք» մանկական հեռուստաալիքից, իսկ «Ար» հեռուստաընկերությունը ճանաչվել է բարոյական չափանիշներին քիչ թե շատ համապատասխանող միակ հեռուստաալիքը:
Ի դեպ, նախաձեռնությունը դիտարկել է Երեւանի բոլոր հեռուստաալիքները, բացի վերջերս եթերում հայտնված ԱՏՎ-ի: Սա առաջին մոնիտորինգն էր եւ տեւել է 2 ամիս` 2009թ. փետրվար-մարտ ամիսներին: Մոնիտորինգն անց են կացրել տարբեր բնագավառներ ներկայացնող 110 էքսպերտներ: Նարեկ Մալյանը նշեց, որ մոնիտորինգի ընթացքում ի հայտ են եկել հեռուստատեսության մասին օրենսդրության բազմաթիվ խախտումներ, Օրինակ, հայտնաբերվել են 40 րոպեանոց գովազդային բլոկներ, շարահյուսական սխալներ, գովազդի տեքստի մեջ ռուսերեն, անգլերեն, նաեւ իտալերեն շեղումներ: Ըստ փորձագետների՝ Հայաստանում ոտնահարված են հեռուստադիտողի իրավունքները:
Ի դեպ, նախաձեռնությունը մրցանակն առաջիկայում կուղարկի «հաղթողին»՝ Հանրային հեռուստաընկերությանը:



















