Մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում առաջխաղացում է սպասվում: Այդ մասին «Նովոստի-Ազերբայջան»-ին տված հարցազրույցում հայտնել է Ռազմավարական մոդելավորման ռուսական կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը:
Ըստ փորձագետի՝ Ղարաբաղը վաղ թե ուշ ինքնավարություն է ձեռք բերելու Արեւմուտքի օգնությամբ, բայց այդ հարցի շուրջ որոշում ընդունելու իրավունքից զրկվելու են թ՛ե Երեւանը, թ՛ե Բաքուն եւ թ՛ե Մոսկվան:
«Ընդ որում՝ Երեւանը, հենց նույն Արեւմուտքի ճնշման ներքո, ստիպված է լինելու „ադրբեջանական հողերի“ որոշ մասը վերադարձնել: Այսպիսով, Արեւմուտքն այնքան „չի ազդի Հայաստանի նյարդերի վրա“, որքան Ռուսաստանի, որին էլ Երեւանն անընդհատ դիմելու է տվյալ հարցի վերաբերյալ խորհուրդ ստանալու համար»,- նշել է Տրոֆիմչուկը եւ հավելել. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների ղեկավարման լծակները չեն գտնվում ոչ Երեւանում եւ ոչ էլ Բաքվում: Բանակցությունները կարող են վարվել թեկուզ Քիշնեւում կամ Անտարկտիդայում, դրանից միեւնույն է ոչինչ չի փոխի: Արեւմուտքի ցանկությամբ` Բաքուն եւ Երեւանը պետք է գտնվեն անընդհատ մոլորության եւ բանակցային գործընթացի մեջ` կարծելով, թե իրենք այդպիսով ազդում են բանակցային գործընթացի վրա»:




























