Փրկարարներն Իսլամաբադ են հասցրել Պակիստանի հյուսիսում ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհված օտարերկրացիների մարմինները, այդ թվում՝ բարձրաստիճան դիվանագետների: Այս մասին հաղորդում է AP-ն:
Օտարերկրյա պատվիրակության փոխադրող պակիստանյան ռազմական ուղղաթիռը կործանվել է ուրբաթ առավոտյան, շարժիչի խափանման պատճառով: Վթարի հետեւանքով 7 մարդ է զոհվել. Պակիստանում Նորվեգիայի եւ Ֆիլիպինների դեսպանները, Ինդոնեզիայի եւ Մալազիայի դեսպանների կանայք, երկու օդաչուներն ու անձնակազմի եւս մեկ անդամ: Լուրջ վնասվածք են ստացել Նիդեռլանդների եւ Լեհաստանի դեսպանները, վիրավորվել է նաեւ լեհ դիվանագետի կինը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, պակիստանյան բանակի միջգերատեսչական մամուլի ծառայության ղեկավար, գեներակ Հասիմ Բաջվան տեղեկացրել է, որ, նախնական տեղեկություններով, ուղղաթիռի կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը:
Աղետից հետո պակիստանյան թալիբների պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ուղղաթիռը կործանվել է իրենց կողմից Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի վրա զենիթային հրթիռով հարձակման փորձի հետեւանքով: Սակայն պակիստանյան իշխանություններն ի պատասխան ընդգծել են, որ վայրը, որտեղ տեղի է ունեցել պատահարը, ազատ է թալիբների գործողություններից:





























