Սենատի Հատկացումների հանձնաժողովը հուլիսի 29-ի իր նիստում պահանջել է ներկայացնել զեկույց Ազատության պաշտպանության ակտի 907-րդ Ուղղման վերաբերյալ: Ըստ այդմ, նշվում է, որ «պետք է հանձնարարել pետքարտուղարին՝ սույն ակտի վավերացումից հետո 90 օրվա ընթացքում ներկայացնել հաշվետվություն, որը կվերլուծի այն սահմանափակումների եւ բացառությունների ազդեցությունը, որոնք կիրառվել են Ադրբեջանին հատկացվող աջակցության չափի նկատմամբ՝ ըստ 102-511 Հանրային Օրենքի 907-րդ Ուղղման, միաժամանակ ընդառաջելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության լուծմանը: Սույն հաշվետվությունը պետք է ներառի նաեւ որոշակի առաջարկություններ` ուղղված կողմերի միջեւ հաշտեցման հնարավորությունների ընդլայնմանը»: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը:
Օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորման (FMF) եւ Միջազգային ռազմական կրթության (IMET) ծրագրերի ֆինանսավորումը նախատեսված չի եղել Հայաստանի եւ Ադրբեջանի համար: Հաշվի առնելով Ադրբեջանի շարունակաբար աճող ռազմական ծախսերը եւ ռազմաշունչ հայտարարությունները` Համագումարը Կոնգրեսին ուղված իր դիմումում օտարերկրյա հատկացումների պատասխանատուներին կոչ է արել դադարեցնել ռազմական աջակցության ցուցաբերումն Ադրբեջանին: Հանձնաժողովի զեկույցում նաեւ արտահայտված են եղել որոշ մտահոգություններ «Ադրբեջանում անկախ լրագրողների նկատմամբ գործադրվող ճնշումների առումով»: Նաեւ հանձնարարվում էր պետքարտուղարին՝ «իրագործել խոսքի ազատության բարեփոխումներ Ադրբեջանի կառավարությանը հատկացվող աջակցության սահմաններում»:
Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի օրինագծերի հետ կապված հետագա զարգացումները տեղի կունենան սեպտեմբերին` օգոստոս ամսվա ընդմիջումից հետո:
Հիշեցնենք, որ 907-րդ ուղղումով ԱՄՆ-ը օգնություն չի տրամադրում ԱՄՆ-ից օգնություն ստացող այլ երկրների (տվյալ դեպքում Հայաստանին) շրջափակման մեջ պահող երկրներին:




























