Ինչպես որ իրենք վարվում են, այդպես էլ արտահայտվում են: Այսպես արձագանքեց «Հիմնադիր խորհրդարանի»  անդամ Վարուժան Ավետիսյանը՝ մեկնաբանելով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունը՝ «լավ են արել, ձերբակալել են»:

Նա նշեց, որ առանձնապես  բան չկա պատասխանելու այդ հայտարարությանը: «Ինչպես վարվել են, այնպես էլ ինքը արտահայտվում է իրենց վարքագծի մասին, ի՞նչ սպասել իրենցից: Ինչպես կառավարում են երկիրը, դրա ոճն ու բնույթն էլ արտահայտվել է պատասխանում, ամեն ինչ լավ են անում, արհամարհում են օրենք, իրավունք, բարոյականություն, ամեն ինչ»,-ասաց ՀԽ անդամը:

Նա նշեց, որ «ռեժիմի ներկայացուցիչներին պատասխանելը մի տեսակ ջրաղացին ջուր լցնելու պես մի բան է դառնում, ինչքան դրանց հետ խոսես, մարդու տեղ դնես, իրենց այդքանով լեգիտմիացվում են»:

Վարուժան Ավետիսյանն ասաց, որ ըստ էության իրենց դեմ հարուցված գործի ընթացքը մարել է, հիմքեր չկան եւ ենթադրաբար այն պետք է կարճեն, եթե իրավիճակ չփոխվի:

Հիշեցնենք, որ «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել է, որ առավոտյան ժամը ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն են իրականացնում: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը։

Իր հերթին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:

Մայիսի 4-ին գլխավոր դատախազությունը Սեֆիլյանի եւ ընկերների խափանման միջոցը փոխեց՝ կալանքը փոխարինելով չհեռանալու մասին ստորագրությամբ։