Հանրապետական կուսակցությունը շատ բարձր է գնահատում վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի Արտաշատում քաղաքապետ ընտրվելու շանսերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:
Նա նշեց, որ Արգամ Աբրահամյանի թեկնածությունը առաջադրել է ՀՀԿ տարածքային կառույցը: Ռուբեն Թադեւոսյանի կարծիքով՝ ուժեղ մրցակիցների առկայության դեպքում անգամ շատ բարձր է գնահատում նրա ընտրվելու հավանականությունը: Հարցին, թե որքանով կկարողանա Արգամ Աբրահամյանը զբաղվել տեղական ինքակառավարմամբ եւ արդյոք ճիշտ է, որ վարչապետի որդին էլ քաղաքապետ դառնա, Ռուբեն Թադեւոսյանն ասաց, որ նման պնդումներին լուրջ չի վերաբերում, շատ նորմալ է համարում Արգամ Աբրահամյանի առաջադրումը:
Նա համոզված է, որ վարչապետի որդին իր ընդունակություննեով կկարողանա լավ ղեկավարել Արտաշատը: Կանդամագրվի Արգամ Աբրահամյանը ՀՀԿ-ին, թե ոչ, հայտնի չէ, ինչպես նշեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահը՝ Արգամ Աբրահամյանը ինքը կորոշի, ընտրությունը ազատ է:
Նշենք, որ հունիսի 7-ին Արտաշատում կայանալու են քաղաքապետի ընտրություններ: Մայիսի 8-ին լրացել է թեկնածուների առաջադրման ժամկետները, առաջադրվել է երեք թեկնածու՝ ՀՀԿ-ից կողմից Արգամ Աբրահամյանը, ինքնառաջադրվել է նրա հիմնական հակառակորդ համարվող Հովհաննես Ղազարյանը՝ «Գազի Հովոն» եւ անկուսակցական Գարեգին Համբարձումյանը: Մայիսի 13-ին ԿԸՀ-ն կավարտվի թեկնածությունների գրանցումը:





























