Եվրասիական տնտեսական միությունն ու Չինաստանը սկսում են ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին երկարատեւ բանակցությունները։ Ազատ առեւտրի գոտու հարցը մայիսի 8-ին մասնավորապես քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՉԺՀ առաջնորդ Սի Ձինպինը, սակայն այդ նախագծի իրացումը կարող է տասնամյակներ պահանջել։ Այս մասին գրում է «Վեդոմոստի» պարբերականը՝ վկայակոչելով կառավարության ֆինանսատնտեսական պաշտոնյաներին։

Թերթի աղբյուրները տարակարծիք են նախագծի իրացման գնահատակններում։  Նրանցից մեկը կարծում է, որ նման նախագծի իրացումը 10 տարի կտեւի, մեկ այլ զրուցակից 20-30 տարվա կանխատեսում է արել։

Պաշտոնյաները բանակցությունների ընթացիկ փուլը բնութագրել են որպես «թեման ընդհանուր քննարկման դնելու» էտապ։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Ռուսաստանն ու Չինաստանը կհամատեղեն ԵՏՄ եւ Մետաքսի ճանապարհ նախագծերի իրականացումը։