Հայաստանի թատերական գործիչների միությունը մայիսի 6–11-ը Երեւանում անցկացրեց մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 13-րդ փառատոնը:
Փառատոնի շրջանակում ցուցադրվեց 29 ներկայացում (ԱՄՆ, Քուվեյթ, Մարոկո, Եգիպտոս, Բուլղարիա, Լեհաստան, Ռուսաստան, Բելառուս, Լիտվա, Իրան, Հայաստան):
«Արմմոնո» փառատոնը բացեց Մ. Միտուայի «Լյուսիեն Լյուկ» մոնոներկայացումը՝ երիտասարդ դերասան Արեգ Գեւորգյանի կատարմամբ (բեմադրիչ՝ Գ. Մարգարյան):
ԱՄՆ-ից ժամանած դերասան, երգիչ Բրեմներ Ֆլետչեր Դատին ցուցադրեց «Կաբարե» մոնոներկայացումը, որտեղ նա համադրում էր օպերային երգեցողություն, դերասանի վարպետություն եւ պլաստիկա:
Հայ թատերասեր հանրությանն արդեն ծանոթ ՌԴ վաստակավոր արտիստ Իրինա Եվդոկիմովան ներկայացավ «Շտո-ս» մոնոներկայացումով, որը բազմաթիվ մրցանակների է արժանացել տարբեր միջազգային թատերական փառատոներում:
Ի. Եվդոկիմովան ներկայացավ նաեւ «Սպիտակ վալս» գրական-երաժշտական կոմպոզիցիա՝ նվիրված Մայիսյան հաղթանակներին:
Դերասանուհի Ելենա Դուդիչը (Բելառուս) ներկայացավ «Մռնչացող ճնճղուկը» մոնոներկայացումով:
Փառատոնի շրջանակներում ցուցադրվեց 2 մոնոներկայացում Լեհաստանից. դերասանուհի Վիոլետ Կոմարը հայ հանդիսատեսին ներկայացրեց Ս. Քեյնի «Պսիխոզ» եւ Մ. Գաուերի «Դիվա» մոնոներկայացումները:
Դերասան Գեորգի Գոտսինը (Բուլղարիա) ներկայացավ «Խելագարի հիշատակարանը» մոնոներկայացմամբ:
Այս տարի փառատոնի օրերին անցկացվեց «Արաբական երկրների օր»: Հայ հանդիսատեսը ծանոթացավ արդի արաբական թատրոնի զարգացումներին:
Փառատոնին մասնակցում էին նաեւ Զարուհի Խաչատրյանը՝ «Անլռելի զանգակատուն» (ըստ` Պ. Սեւակի) գրական-երաժշտական կոմպոզիցիայով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Նորա Բադալյանը՝ «Քիչ ավելի, քիչ պակաս», Ագնեսա Շահնազարյանը՝ «Շատերից մեկը», Հասմիկ Տեր-Կարապետյանը՝ «Ժամանակի վարագույրը», Արամ Գյուրջյանը՝ «Մամուլի ասուլիս » մոնոներկայացումներով:
«Արմմոնո-Դեբյուտ» ծրագրում հանդես եկան Արինե Սուքիասյանը՝ «Անկում վերելքի համար», Հռիփսիմե Շահինյանը՝ «Ինչպես չբեմադրվեց» մոնոներկայացումներով: «Արմմոնո-Դեբյուտ» ծրագիրն այս տարի կազմվել էր համատեղ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի. ցուցադրվեցին ուսանողական աշխատանքներ:
«Արմմոնո-Տրիումֆ» ծրագրում ներկայացվեցին նախորդ տարվա հաջողություն ունեցած ներկայացումները: 2014թ. մոնոներկայացումների միջազգային փառատոների է մասնակցել Արա Գեւորգյանը. «Ծխախոտի վնասի մասին» մոնոներկայացումը ցուցադրվել է «ATSPINDIS» IX (Լիտվա), ինչպես նաեւ Մոլդովայի միջազգային թատերական փառատոներում:
2014թ. հաջողություն ունեցած «Արմմոնո-Դեբյուտ» ծրագրի մասնակից Նարեկ Հարությունյանն այս տարի «Ռոմեո» մոնոներկայացումը ցուցադրեց «Արմմոնո-Տրիումֆ»-ում նոր մեկնաբանությամբ:
2015թ. փառատոնի նորամուծություններից էր «Արմմոնո-Կլաս» ծրագիրը, որտեղ մասնակցում էին դպրոցականներ. Ա. Պուշկինի անվան դպրոցի բարձր դասարանների աշակերտները:
«Արմմոնո» փառատոնի հյուրերի թվում էին մոնոներկայացումների միջազգային փառատոների տնօրեններ՝ Նինա Մազուրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ), Յոլանտա Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանանան (Լիտվա), Վեցլավ Գերասը (Լեհաստան):





























