Մենք անում ենք ամեն բան, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը լուծվի խաղա ճանապարհով։ Այս մասին մայիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Մամուլի ասուլիսը կայացել է Ադրբեջանի հետ սահմանի հյուսիսարեւելյան ուղղության առաջնագծում։
Հիշեցնելով, որ այսօր լրանում է զինադադարի համաձայնագրի հերթական տարեդարձը՝ նախարարը ընդգծեց, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն անում է ամեն բան հաշտության պահպանման համար։ «Եթե դա չի հաջողվում, պատճառների մասին պետք է հարեւանին հարցնել։ Մենք մեր հերթին անում ենք ամեն բան, որպեսզի թույլ չտանք իրավիճակը սրվի»,- ընդգծել է նախարարը։
Լրագրողների խնդրանքով համեմատելով այսօրվա օրը 1994թ. մայիսի 12-ին տիրող իրավիճակի հետ՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ այն ժամանակ խանդավառությունը մեծ էր։ «Չէ՞ որ ոչ ոք պատերազմ չի ուզում։ Դա նշանակում է զրկանք ու դաժանություն։ Սակայն համաձայնագրի ստորագրումից հետո այն 100 տոկոսով չի պահպանվել»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ հակառակորդը ժամանակ առ ժամանակ սրում է իրավիճակը՝ կրակոցներ, դիրքերը բարելավելու փորձեր, դիվերսիոն հետախուզական գործողություններ։
Խոսելով մարտական հերթապահությունից՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ անցյալ տարին նշանավորվեց սահմանին եւ զորքերի շփման կրակագծում իրավիճակի սրմամբ։ «Նման բան հաշտության համաձայնագրի ստորագրումից ի վեր չէր եղել»,- արձանագրեց նախարարը՝ հավելելով, որ տեղ են գտել նաեւ ականային պատերազմի, հայկական ուղղաթիռի խոցման եւ ադրբեջանական կողմից իրականացված դիվերսիայի դեպքեր։ «Սակայն մեր մարտիկների շնորհիվ հակառակորդի գործողությունները ցանկալի արդյունքը չեն տվել, այն է՝ դիրքերի կորուստ, բնակչության եւ զինվորների շրջանում խուճապ։ Հակառակորդին չի հաջողվել գոնե մեկ սմ-ով առաջ գալ, իսկ հանրությունն առավել միասնական է դարձել։ Ցավոք, դիվերսիաները հաջողվել է կանխել շատ թանկ գնով՝ մեր ազգի լավագույն որդիների կյանքի գնով»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Նախարարը նաեւ հավելեց, որ իր համար պատերազմը չի վերջացել, քանի որ շարունակվում են հրադադարի խախտումները։ Միաժամանակ նա հիշեցրեց, որ ադրբեջանական կողմը հրաժարվում է հետ քաշել դիպուկահարներին եւ ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմներ։





























