Լայնածավալ աշխատանք է ընթանում սահմանում իրավիճակը բարելավելու, պաշտպաբական կառույցները տեխնիկական միջոցներով համալրելու ուղղությամբ։ Այդ մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսում։ Ասուլիսը կայացել է Ադրբեջանի հետ սահմանի հյուսիս-արեւելյան ուղղությամբ առաջնագծում։

Նախարարի խոսքով, փորձարկված միջոցների կողքին ներդրվում են նոր զինատեսակներ։ Նախարարը նշել է, որ տեղանքի տարբերության եւ դիրքերի հեռավորության պատճառով հնարավոր չէ ամենուր նույնանման սխեմա ներդնել։ Միաժամանակ, նա նշել է, թե դիտարկման համակարգը գտնվում է բավական բարձր մակարդակի վրա։ Ստորաբաժանումները գիշերային դիտման եւ ջերմադիտման սարքեր ունեն։

Խոսելով Ադրբեջանի կողմից սպառազինությունների մրցավազքի մասին՝ նախարարը նկատել է, թե հայկական կողմը ուշադիր հետեւում է իրավիճակին։ ԶՈՒ-ն համալրվում է հայրենական եւ օտարերկրյա արատդրության զինատեսակներով, հեռահար եւ ճշգրիտ զենքերով, կապի միջոցներով, ԱԹՍ-ներում։ Բարելավվել է ռազմարդյունաբերական համալիրը, ստեղծվել են համատեղ ձեռնարկություններ։

«Մենք տեղեկություններ ունենք Բաքվի գնած սպառազինության մասին։ Ի պատասխան, շնորհիվ նոր սպառնազինության, բարձր բարոյական ոգու եւ անձնական պատրաստության մենք պահում ենք հավասարակշռությունը։ Զինված ուժերը պատվով են կատարում իրենց առջեւ դրված խնդիրները»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, թե իր ղեկավարած գերատեսչությունը առկա խնդիրները չի կոծկում, բայց ձգտումէ  դրանք լուծմանը։

Օհանյանը խոսել է նաեւ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին, ասել, թե Ռուսաստանը, զենք վաճառելով, պահպանում է վերահսկողությունը իրավիճակի վրա, իսկ այդ ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են ավելի բարձր մակարդակում։