Հայաստանը ակտիվորեն մասնակցում է միջազգային խաղաղարար առաքելություններին՝ մեր երկրի սահմաններից դուրս ծագող հակամարտությունների կանխարգելման եւ մեղմացման նպատակով։ Այս մասին մայիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Նախարարը հիշեցրել է, որ հայ խաղաղապահները իրենց խաղաղարար առաքելությունն իրականացնում են Աֆղանստանում, Կոսովոյում եւ Լիբանանում։ Նրա խոսքով՝ համաձայնություն կա, որ հունիս-հուլիսից ՀՀ ԶՈւ մեկ սպա պետք է ուղեւորվի Մալի։
Նախարարը բարձր է գնահատել Հայաստանում եւ ԼՂՀ-ում կայացած զորավարժությունները, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ում եւ ՆԱՏՕ-ում հայկական ստորաբաժանումների մասնակցությունը։ Նրա խոսքով՝ հատկապես ուշադրություն է դարձվել բարդ խնդիրների կատարմանը։
«Լեռնային Ղարաբաղում աննախադեպ զորավարժություններ են կայացել։ Հայ զինծառայողները մասնակցել են ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի տարբեր ձեւաչափերի միջազգային միջոցառումների։ ՌԴ-ում տանկային բիաթլոնում հայկական անձնակազմը զբաղեցրեց 2-րդ պատվավոր տեղը»,- հիշեցրեց Օհանյանը։




























