Քանի դեռ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բանակցությունների սեղանի շուրջ չի նստել ԼՂՀ նախագահը, արտգործնախարարը կամ այդ հանրապետության մեկ այլ ներկայացուցիչ, բանակցությունները չեն կարող իրական տարր պարունակել։ Այս մասին մայիսի 12-ին «Լեռնային Ղարաբաղ. ընտրություններ հաշտության պայմաններում» կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը։
Պատգամավորը նշել է, որ հաշտության համաձայնագիրը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքում ձեռք բերած ամենամեծ նվաճումն էր։ Նա միաժամանակ ընդգծեց, որ հաշտության փաստաթուղթը ավելի շատ փաստաթուղթ է պատմաբանների համար։ Այսօր հաշտության մասին տեղին է խոսել պատմության դասագրքերում։ Մենք բոլորս պարզ գիտակցում ենք, որ իրականում հաշտության ռեժիմը պահպանում է միայն մեր բանակը»,- ընդգծեց Պողոսյանը։
1994թ. մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում ՌԴ լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց «Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը», որը նույն օրը Բաքվում ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամաեդրաֆի Մամեդովը: Մայիսի 10-ին պայմանագիրը Երեւանում ստորագրեց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին Ստեփանակերտում ` Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: «Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը» ուժի մեջ մտավ 1994 թվականի մայիսի 12-ին՝ ուղիղ կեսգիշերին։





























