Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 12-ին, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրող Երիցյանը պահանջեց Կիվիրյանին 1 տարվա ազատազրկման դատապարտել եւ համաներմամբ ազատ արձակել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը՝ ավելացնելով, որ մեղադրողը ապօրինի պահանջ է ներկայացրել:

«Մեղադրողն ակնհայտ ապօրինի պահանջ ներկայացրեց: Իրականում, մեղադրողը պետք է հրաժարվեր մեղադրանքից, բայց հասկանալի է, որ չէր հրաժարվի, որովհետեւ քաղաքական հետապնդում է իրականացվում Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ»,- ասաց պաշտպանը:

Պաշտպանական կողմը ճառով հանդես կգա հաջորդ դատական նիստին եւ կներկայացնի գործին առնչվող բոլոր փաստարկները:

 Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 20-ին:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկի դեմ հարակից շենքի բնակիչների բողոքի միացած Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրգործ հարուցվել էր ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը: Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը: