ՌԴ մուտքի արգելք ունեցող ՀՀ քաղաքացիները բողոքում են, որ արգելքը հանելու խնդրանքով ՀՀ միգրացիոն ծառայություն ամիսներ առաջ ներկայացրած դիմումների պատասխանները դեռ չեն ստացել:
«2013թ. հունվարին եմ եկել, ու չեմ կարողանում հետ գնալ: Դեկտեմբերի 1-ին եմ դիմում ներկայացրել, բայց պատասխանը դեռ չեմ ստացել: Նորից եմ ուզում ներկայացնել ու ճշտել՝ պատասխանը կգա, թե չէ, կամ երբ կգա: Ամբողջ օրը միգրացիոն ծառայության շենքի մոտ եմ, էնքան եմ գնում գալիս, շաբաթը մեկ կոշիկ եմ փոխում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց մուտքի արգելք ունեցողներից Հրաչ Շահնազարյանը՝ նշելով, որ ՌԴ-ում տուգանքներ է ունեցել, սակայն դրանք ժամանակին վճարել է:
Հրաչ Շահնազարյանն արդեն երկու անգամ փորձել է մեկնել Հայաստանից, սակայն սահմանային անցակետից հետ են ուղարկել: Այն մասին, որ ինքը ՌԴ մուտքի արգելք ունի, Հրաչն իմացել է, երբ Հայաստանում որոշ ժամանակ մնալուց հետո փորձել է վերադառնալ ՌԴ. «Հասնում ենք սահման, հետ են ուղարկում: Ամեն օր ասում են՝ արգելքները հանած են, ով դատական գործ չունի, կարա գնա, բայց ես ինչքան գնում եմ սահման, իմ հետ մի ավտոբուս հետ ա գալիս»:
ՌԴ մուտքի արգելք ունեցող՝ 22-ամյա Արտյոմ Մովսիսյանը երեք անգամ է փորձել հատել սահմանը, սակայն չի կարողացել: 7 տարեկանից ընտանիքի հետ ՌԴ-ում բնակվող, 2013թ. Հայաստան ժամանած Արտյոմը, ըստ իր տեղեկության, եւս 1 տարի չի կարողանա մուտք գործել ՌԴ: NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ Ռուսաստանում երկու անգամ տուգանվել է, սակայն ժամանակին վճարել է տուգանքները:
«Երկու տուգանքն էլ վճարել եմ, չեմ ուշացրել, ես ինչ իմանայի, որ դրա պատճառով չեն թողնի հետ գնամ: Երեք անգամ արդեն փորձել եմ հատել սահմանը, հասել եմ Վերին Լարս, սահմանային անցակետում ցույց է տվել, որ փակ է: Հիմա հարազատերս, ծնողներս, քույրս, եղբայրս էնտեղ են, ես այստեղ մենակ եմ, ոչ տուն ունեմ ոչ էլ աշխատանք, վարձով եմ ապրում, մի կերպ հացի փող եմ աշխատում»,- ասաց Արտյոմը, որը մուտքի արգելքը հանելու խնդրանքով դիմում է ներկայացրել միգրացիոն ծառայություն, բացասական պատասխան ստացել, այժմ պատրաստվում է երկրորդը ներկայացնել:
Մուտքի արգելք ունեցող քաղաքացիների խոսքով՝ ՀՀ միջրացիոն ծառայությունում իրենց ընդունում են, սակայն օգնել չեն կարողանում՝ պարզաբնելով, որ իրենք իրավասու են միայն դիմումները ՌԴ ուղարկելու համար, իսկ թե դրանց պատասխանները երբ կգան, չեն կարող հստակ ասել:





























