Հայ Ազգային Կոնգրեսը շարունակում է իր մարզային այցելությունները: Վաղը Կոնգրեսը մեկնելու է Իջեւան:

ՀԱԿ գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը NEWS.am-ին հայտնեց, որ Իջեւանում ՀԱԿ առաջնորդները այցելելու են «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ընտանիքին: «Դա մեր այցելությունների շարունակությունն է մարզեր, որտեղ մենք քաղբանտարկյալներ ունենք: Սիմվոլիկ բնույթ է կրում այցը, խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, որը մեր շարժման ամենաակտիվ ղեկավարներից մեկն է, եւ այսօր գտնվում է անազատության մեջ: Այցելելու ենք նրա հայրական տունը, բարոյական աջակցություն ենք հայտնելու նրա ընտանիքին, եւ ընդգծելու ենք մեր վճռականությունը՝ շարունակելու պայքարը թե քաղբանտարկյալների ազատության, թե սահմանադրական կարգի վերականգնման համար»,- արձանագրեց Զուրաբյանը:

Սեպտեմբերի 18-ին նախատեսված է Հայ Ազգային Կոնգրեսի հերթական հանրահավաքը: Զուրաբյանը նաեւ չբացառեց արտահերթ հանրահավաքի անցկացումը: «Եթե լինի համապատասխան քաղաքական զարգացում, որի արձագանքը մենք անհրաժեշտ կհամարենք տալ»,- մանրամասնեց Զուրաբյանը: