Առեւանգման համար մեղադրվող, «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Հրաչյա Գևորգյանի 2014թ ապրիլի 24-ից մինչեւ 2015թ փետրվարի 24-ը գտնվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում և ստացել է համապատասխան բուժում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են ՔԿՎ Հանրային կապերի բաժնից՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված լուրերը, որ նրա կյանքին վտանգ է սպառնում:
Փետրվարի 25-ին կալանավորը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ մարտի 12-ին բժշկական կենտրոնից կրկին տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի թերապևտիկ բաժանմունք: «Նյարդաբանի զննության արդյունքում Հ. Գևորգյանի մոտ օջախային և մենինգալ երևույթներ չեն հայտնաբերվել: Մարտի 13-ին կատարվել է կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն, որի արդյունքում կալանավորի թոքերում օջախային ինֆիլտրատիվ փոփոխություններ չեն հայտնաբերվել: Իսկ մարտի 16-ին կատարվել է որովայնի օրգանների սոնոգրաֆիա, իսկ մարտի 17-ին՝ LOR բժշկի խորհրդատվություն, որի արդյունքում նշանակվել է համապատասխան բուժում: Մարտի 24-ին կատարվել է կրկնակի ռենտգեն հետազոտություն, որի արդյունքում կրկին ախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվել: Կալանավորված անձ Հ. Գևորգյանը զննվել է բժշկական աշխատանքային հանձնաժողովի կողմից և առաջարկվել է կատարել մեկ այլ (ալտերնատիվ) նյարդաբանի զննում: Երկրորդ նյարդաբանի կողմից զննման արդյունքում նույնպես ախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվել: Առաջարկվել է լրացուցիչ կատարել նարկոլոգի և հոգեբույժի խորհրդատվություններ: Ապրիլի 24-ին կատարվել է նարկոլոգի, իսկ 27-ին՝ հոգեբույժի խորհրդատվություն, որի արդյունքում ակտիվ հոգեախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվել: Հաշվի առնելով կատարված բազմակողմանի հետազոտությունների և նեղ մասնագետների խորհրդատվությունների արդյունքները՝ դատապարտյալ Հ. Գևորգյանը ապրիլի 28-ին դուրս է գրվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկից և այս պահին գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի բժիշկների հսկողության տակ: Ինչ վերաբերում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ Հրաչյա Գևորգյանի նկատմամբ «3 օր շարունակ բռնություն կիրառելուն»՝ տեղեկացնենք, որ լուրն իրականությանը չի համապատասխանում»,-հայտնեցին ՔԿՎ Հանրային կապերի բաժնից:



























