Խորթ հոր սպանության համար մեղադրվող, ազգությամբ եզդի, 24-ամյա Մաքսիմ Բաքոյանի գործով դատական նիստին  այսօր՝ մայիսի 13-ին, վկա Մարիամ Ղազարյանն իր նախաքննական ցուցմունքին հակասող ցուցմունք տվեց։

Վկան դատարանում պնդում էր, որ դեպքից հետո, երբ իրենք Մաքսիմ Բաքոյանին իրենց մեքենայով հեռացրել են դեպքի վայրից, մեքենայում նա ոչինչ չի խոսել, մինչդեռ նախաքննական ցուցմունքում Մարիամ Ղազարյանը գրել էր, որ Մաքսիմն իրենց մեքենայում ասել է, որ մոր սպանության վրեժն է ցանկացել լուծել։

Մարիամ Ղազարյանը, որը Մաքսիմ Բաքոյանի հարեւանն է, պատմեց, որ ինքը դեպքի օրը որդու՝ Ալեքսան Ղազարյանի հետ, որը նաեւ Մաքսիմի ընկերն է, վերադառնալիս են եղել խանութից, երբ շենքի բակում տեսել են հավաքված մարդկանց եւ Մաքսիմի խորթ հորը՝ ազգությամբ քուրդ Էվիլիա Գյուլիշթեքինին՝ ավտոտնակի մոտ ընկած:

 «Տեսա՝ Էվոն ընկած է գետնին, Մաքսիմն էլ հեռու կանգնած էր ու բան չէր ասում։ Էվոն արյունոտ էր, Մաքսի վրա էլ արյուն կար։ Հետո հարեւանները Մաքսիմին օգնեցին, նստեցրեցինք մեր մեքենան, տարանք, որ հեռացնենք տարածքից, որ ծեծկռտուք չլինի։ Ինքը վատ էր իրեն զգում, չէր կարողանում կանգնել։ Հետո ճանապարհի կեսից իջեցրել ենք, թողել ենք էդպես ու գնացել, նա մեքենայի մեջ ոչ մի բառ չէր խոսում»- պատմեց վկա Մարիամ Ղազարյանը դատարանում: Նշենք, որ ավելի ուշ Մաքսիմ Բաքոյանն ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն։

Գործով երկու վկաները՝ Մարինա Մուրադյանն ու Սվետլանա Հարությունյանը, որոնք նույնպես Մաքսիմի հարեւաններն են,  դատարանում ասացին, որ իրենք դեպքից անտեղյակ են:

Գործով մյուս վկաներին, ինչպես նաեւ տուժող կողմին դատարանը ծանուցել էր, որպեսզի ներկայանան դատական նիստերին, սակայն նրանք չէին ներկայացել: Այսօրվա դատական նիստին դատարանը չորս վկաներին բերման ենթարկելու որոշում  կայացրեց:

Հիշեցնենք, որ ազգությամբ եզդի Մաքսիմ Բաքոյանի մորը՝ Մայա Բաքոյանին, 2013թ. Թուրքիայում սպանել էր ամուսնու՝ ազգությամբ քուրդ Էվիլիա Գյուլիշթեքինի եղբայրը՝ կնոջ 4 տարեկան որդու աչքի առջև հրազենային մահացու վնասվածք հասցնելով հարսին: Մարտի 15-ին Մաքսիմը, որը մինչեւ այդ Գերմանիայում էր ապրում, վերադարձել էր Գյումրի և իր երկու հարազատ քույրերի, խորթ հոր եւ նրա 2 զավակների հետ ապրում էր Գյումրիում: 2014թ. մարտի 15-ին նա դանակահարելով սպանել էր խորթ հորը։ Սպանությանն ականատես էր եղել Մաքսիմի մորաքույրը, որը NEWS.am-ին պատմել էր, որ Մաքսիմը դանակը մտցրել է խորթ հոր սիրտը, երբ վերջինն ասել է, որ Թուրքիա է գնալու՝ նրա մոր արյան փողը վերցնելու: Մաքսիմը, ըստ մորաքրոջ, խորթ հոր խոսքերից ենթադրել էր, որ նրա պատվերով է եղբայրը սպանել իր մորը եւ որոշել է վրեժ լուծել: Մաքսիմ Բաքոյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Բաքոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։