Նեպալում մայիսի 12-ին 7,3 մագնիտուդով 2-րդ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 96-ի։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Նեպալի ոստիկանության պաշտոնական ներկայացուցչին։

«Ըստ վերջին տեղեկությունների՝ կա 96 զոհ եւ 2563 վիրավոր»,- ասել է նա։

Նշենք, որ ապրիլի 25-ին Նեպալում ավերիչ երկրաշարժ էր տեղի ունեցել։ Երկու երկրաշարժերը ընդհանուր առմամբ խլել են 8154 մարդու կյանք, եւս 17864-ը վիրավորվել է։

«Այս պահին մարդկանցից շատերը բաց հրապարակներում են։ Միաժամանակ շատերը սկսել են վերադառնալ իրենց տները, որոնք մասնագետներն արդեն ստուգել են»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ երկրաշարժից ամբողջովին կամ մասնակի վնասվել է 500 հազար տուն։ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ աղետից հետո իրենց տները լքել է 2.5 մլն մարդ։