Կառավարության դիմաց հավաքված «Նաիրիտ» գործարանի ներկա եւ նախկին աշխատակիցներն այսօր՝ մայիսի 14-ին, մեկ րոպե լռությամբ հարգեցին 2009թ. մայիսի 14-ին գործարանում տեղի ունեցած պայթյունի չորս զոհերի հիշատակը։

«Չնայած մեր բոլոր խնդիրներին՝ մենք չենք մոռանում, որ 2009թ. գործարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով զոհվել են մեր չորս գործընկերները։ Վստահ ենք, որ «Նաիրիտ» գործարանում նույնպես այժմ նրանց հիշատակն են հարգում։ Մենք կսպասենք մինչեւ ժամը 13։00-ն, որպեսզի «Նաիրիտում» գտնվող մեր գործընկերները նույնպես կարողանան միանալ մեր նստացույցին։ Հուսով ենք, որ ոստիկանները մեզ այստեղից ուժով չեն հեռացնի այնպես, ինչպես դա արեցին երեկ մահացած զինծառայողների մայրերի նախագահականի առջեւ»,- հայտարարեց «Նաիրիտ» գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանը։

Նաիրիտցիների նստացույցի պահանջներն անփոփոխ են՝ աշխատավարձերի պարտքի մարում, գործարանի վերագործարկում եւ աշխատատեղերի վերականգնում։

Նշենք, որ նաիրիտցիները վրդովված են Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի՝ նախօրեին արած հայտարարությունից, թե «Նաիրիտն» անհնար է վերագործարկել։

Նաիրիտցիներին միացել են նաեւ այլ քաղաքացիներ, որոնք օգնել են նրանց պաստառներ եւ թռուցիկներ պատրաստել։

Նշենք, որ նաիրիտցիները նախապես հայտարարել են, որ այսօր ժամը 13։00-ից երկօրյա նստացույց են սկսելու կառավարության շենքի առջեւ։