Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով հարուցված քրեական երկու գործերն անհրաժեշտ է միացնել միմյանց, քանի որ սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի հարցաքննությունն առաջինը ռուսական կողմն է իրականացրել։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողներին ասաց Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը։

«Քանի որ առաջինը ռուսական կողմն է իրականացրել Վալերի Պերմյակովի հարցաքննությունը, ապա շատ հարցերի պատասխաններն իրենք ունեն։ Եվ իրավաբանական առումով անթույլատրելի է այս վարույթները չկցել միմյանց, քանի որ դրանք միմյանց փոխլրացնում են։ Մենք մինչեւ հիմա չգիտենք հանցագործության մոտիվը, չգիտենք՝ Պերմյակովը հարբած է եղել, թե ոչ, երբ եւ ինչպես է հարցաքննվել»,-ասաց Լուսինե Սահակյանը։

Տուժողի իրավահաջորդը նշեց, որ նախաքննությունը տրամաբանորեն մոտենում է իր ավարտական  փուլին, սակայն հստակ ժամկետներ չնշեց, թե երբ կսկսվի դատաքննությունը։

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին: Փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը միջնորդությամբ դիմել էր ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝  Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության դեպքով հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահներին փոխանցելու հարցով: