Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունը դիտավորյալ սպանություն է եղել։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողներին ասաց Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը։

«Քրեական գործի նյութերով բացառվել է, որ Պերմյակովը որեւէ կապ է ունեցել Ավետիսյանների ընտանիքի հետ։ Նաեւ բացառվում է այն, որ Պերմյակովը պատահական է սպանել 6 անձի։ Սա դիտավորյալ սպանություն է»,- ասաց Լուսինե Սահակյանը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմի նախաքննության ընթացքում ստացված տվյալները համադրելով՝ պարզ կդառնա, թե որն է եղել սպանության իրական դրդապատճառը։

Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն էլ նշեց, որ արձակված կրակոցների մեծ թիվը նույնպես փաստում է, որ սպանությունները պատահական չեն եղել։

«Աիդա Ավետիսյանը գլխի շրջանում հրազենային երկու վնասվածքից է մահացել, Հասմիկ եւ Սերյոժա Ավետիսյանների վնասվածքները շատ են՝ մոտ 12։ Փոքրիկ Հասմիկ Ավետիսյանը 2 կրակոցից է մահացել, Արաքսյա Ավետիսյանը 5 վնասվածք է ստացել, այդ թվում սվին-դանակով, իսկ Արմեն Ավետիսյանը 8 վնասվածք»,-ասաց Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին: Փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը միջնորդությամբ դիմել էր ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝  Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության դեպքով հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահներին փոխանցելու հարցով: