ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական նորարարական քայլն է կատարել՝ հնարավորություն ընձեռելով իր բաժանորդներին բջջային հեռախոսից զանգահարելու 911 եւ 112 արագ արձագանքման անվճար հեռախոսահամարներին:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այժմ Լոռու, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում գտնվող բաժանորդները, նշված հեռախոսահամարներին բջջային հեռախոսից զանգահարելիս, կմիանան համապատասխան մարզի՝ արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակին: Համակարգը գործարկվել է` վերոնշյալ մարզերում հաջողությամբ փորձարկվելուց հետո: Նախկինում, 911 հեռախոսահամարին զանգ կատարելիս, մարզերի բնակիչները միանում էին ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնին, որտեղից արտակարգ իրավիճակի մասին տեղեկությունը փոխանցվում էր համապատասխան մարզային գրասենյակ:
Այժմ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության համատեղ ծրագրի շնորհիվ՝ հատուկ տեղադրված սարքավորումը, օգտագործելով 911 եւ 112 հեռախոսահամարներին զանգահարող անձի գտնվելու վայրի վերաբերյալ՝ բջջային կայանից ստացվող տվյալները, զանգը վերահասցեավորում է դեպի համապատասխան մարզի՝ արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակ:
Այսպիսով, նորարարության նպատակն է նվազեցնել մարզերում գրանցված արտակարգ իրավիճակներին արձագանքելու ժամանակը:
Նոր համակարգը աստիճանաբար կգործարկվի երկրի բոլոր մարզերում:





























