ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, Ոստիկանության եւ «Երեխաների աջակցության կենտրոնի» համատեղ կազմակերպված կլոր սեղան-քննարկման ուշադրության կենտրոնում էր ոլորտում տարբեր դերակատարների ջանքերի համակարգումը՝ երիտասարդության եւ երեխաների շրջանում իրավախախտումները կանխելու նպատակով:
Միջոցառման նպատակն է հանրությանը ներկայացնել վերջերս մշակված ուղեցույցն այն կազմակերպությունների մասին, որոնք ապահովում են սոցիալական ծառայություններ երեխաներին եւ նրանց ընտանիքներին եւ նախաձեռնել նոր ծրագիր՝ աշխատելու անչափահասների իրավախախտումների կանխման ռազմավարության մշակման ուղղությամբ: Ուղեցույցը ներառում է երկրում բոլոր սոցիալական ծառայությունների մասին ամփոփ տեղեկատվություն՝ այդ թվում 236 հասարակական կազմակերպության, 23 հիմնադրամի, երեք ասոցիացիայի եւ ութ եկեղեցական միավորի կողմից մատուցվող տաս ծառայությունների վերաբերյալ:
«Մենք հուսով ենք, որ այս նախաձեռնությունը կլինի օգտակար եւ գործնական երեխաների պաշտպանության եւ սոցիալական մասնագետների համար՝ միավորելու եւ կրկնապատելու ջանքերը՝ երեխայի իրավունքների եւ լավագույն շահերի պաշտպանության ամրապնդման ուղղությամբ, որը ԵԱՀԿ մարդկային ոլորտում հանձնառությունների կարեւոր մաս է՝ ընդունված ԵԱՀԿ մասնակից պետությունների կողմից», - ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Լիլիան Շալառուն: Նա նշեց, որ սերտ համագործակցությունը ընտանիքների, դպրոցների եւ համայնքների շրջանում կենսական է՝ մշակելու Հայաստանում անչափահասների կողմից իրավախախտումների կանխարգելման ռազմավարություն՝ երեխայակենտրոն արդարադատության չափորոշիչներին համապատասխան:
Միջոցառմանը մասնակցում էին տարբեր պետական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ներառյալ ՀՀ ոստիկանության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի, մարզպետարանների երեխաների պաշտպանության բաժինների, քաղաքացիական հասարակության, որոնք զբաղվում են անչափահասների իրավախախտումներով:
«Երեխաների աջակցության կենտրոնի» գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը նշեց. «Մենք ցանկանում ենք կոչ անել մեր գործընկերներին եւ բոլոր շահագրգիռ կողմերին համագործակցել նոր ծրագրի շրջանակներում, որի նպատակն է աջակցել պետական մարմինների՝ անչափահասների իրավախախտումների կանխմանն ուղղված ջանքերին»:
Կլոր սեղանը հաջորդում է անցյալ տարի Հայաստանի տարբեր մարզերում «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված մի շարք համաժողովներին՝ խթանելու անչափահաս իրավախախտների հարցերով զբաղվող պետական եւ ոչ պետական կառույցների միջեւ ավելի լավ համակարգում եւ ավելի սերտ համագործակցություն:





























