Կառավարության շենքի մոտ  այսօր՝ մայիսի 14-ին, կեսօրից նստացույց անող նաիրիտցիներին ոստիկանները թույլ  չտվեցին իրենց հետ բերած պաստառներն ամրացնել ծառերին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանների եւ նաիրիտցիների միջեւ վիճաբանություն սկսվեց: Նստացույց անողները պնդում են, որ ոստիկանները պատճառներ են փնտրում իրենց Կառավարության շենքի մոտից հեռացնելու համար:

«Մենք ամբողջ գիշեր այստեղ ենք մնալու եւ ոստիկանները մեզ ոչ մի կերպ չեն կարողանա հեռացնել այստեղից»,-ասաց «Նաիրիտի» նախկին աշխատակից Գայանե Առուշանյանը:

Նաիրիտցիները շարունակում են նստացույցը աշխատավարձերի պարտքի մարման եւ գործարանի վերագործարկման պահանջով։ Ակցիան հսկում են մոտ 2 տասնյակ ոստիկաններ: Չորս ժամվա նստացույցի ընթացքում կառավարությունից որեւէ մեկը չի հետաքրքրվել գետնին նստած նաիրիտցիներով, որոնց մի մասը տարեցներ են, այդ թվում՝ կանայք։

Նշենք, որ նաիրիտցիները հայտարարել են, որ նստացույցը տեւելու է երկու օր, կավարտվի շաբաթ առավոտյան: Նրանք կառավարության մոտ կմնան նաեւ գիշերը՝ միմյանց հերթափոխելով:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24  ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում: