Հայաստանը Վիետնամ ծխախոտ եւ ալկոհոլ արտահանելու համար լավ հեռանկարներ ունի։ Այս մասին մայիսի 14-ին ՀՀ Կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց  ԵՏՀ կոլեգիայի անդամ, առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնեւը՝ մեկնաբանելով ԵՏՄ-ի եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջեւ ազատ առեւտրի գոտու պատրաստման գործընթացը։

Նա նշեց, որ մայիսի 29-ին ստորագրվելիք համաձայնագիրը կդառնա ԵՏՄ-ի եւ երրորդ երկրների միջեւ առաջին նման փաստաթուղթը։ «Վիետնամը ԵՏՄ բոլոր արտադրողների, այդ թվում՝ Հայաստանի համար կարող է դարպաս դառնալ դեպի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։ Դա շատ կարեւոր է, եթե հաշվի ենք առնում, որ Հայաստանի եւ Վիետնամի միջեւ ապրանքաշրջանառությունը գրեթե զրոյական է՝ տարեկան 60 հազար դոլար»,- նշեց նախարարը։

Նրա կարծիքով՝ խոսքը կարող է վերաբերել  ոչ միայն պատրաստի հայկական ապրանքներին, այլ ԵՏՄ անդամների արդյունաբերողների միջեւ համագործակցության  մասին։ Կարող են լինել կիսաֆաբրիկատներ, որոնք Վիետնամը կարող է վերամշակել եւ արտահանել այլ երկրներ։ Ընդ որում ԵՏՄ-ի կողմից վերամշակման բաժինը, հետեւաբար ավելացված արժեքի բաժինը կարող է բարձր լինել։ «Օրինակ խոսքը կարող է մեքենաների խոշոր հանգույցների հավաքման մասին լինել»,- պարզաբանեց Սլեպնեւը։