Մի կողմից կառավարության կողմից խրախուսվում է այն դպրոցը, որտեղ ծնողներն անում են դրամական ներդրումներ եւ այդ ցուցանիշը բարձրացնում է դպրոցի վարկանիշը, մյուս կողմից նույն կառավարությունը, ի դեմս ԿԳ նախարարի, Երեւանի քաղաքապետի եւ մարզպետների, կատեգորիկ արգելում են ծնողական ներդրումները: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:
Նա իր հայտարարությունում, մասնավորապես, նշում է.
««Հանրակրթության մասին» ՀՀ Օրենքի 29-րդ հոդվածի համաձայն հանրակրթական դպրոցների տնօրեններից պահանջվում է ամեն տարի իրականացնել դպրոցի գործունեության ներքին գնահատում, որը պետք է ներկայացվի դպրոցի կառավարման, մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդներին եւ հրապարակվի մինչեւ նոր ուսումնական տարվա սեպտեմբերի 5-ը: Հրապարակման ամենանպատակահարմար տեղը դպրոցի կայքն է, սակայն դրանք դրված չեն Yerevan.am կայքում, հետեւաբար չեմ գտել ոչ մի հաշվետվություն, որտեղ կերեւար, թե մասնավորապես դպրոցն ի՞նչ է ներկայացրել Կառավարության «Դպրոցի ներքին գնահատման չափորոշիչների» վերաբերյալ 03.09.2010թ. N1334-Ն որոշմամբ հաստատված կարգի 8 -րդ Թ կետի պահանջով ծնողների կողմից դրամական ներդրումների տարեկան չափի մասին:
Վերոնշյալ կարգի համաձայն կառավարության կողմից խրախուսվում է այն դպրոցը, որտեղ ծնողներն անում են դրամական ներդրումներ, հետեւաբար այդ ցուցանիշը կբարձրացնի դպրոցի վարկանիշը, որում ցանկացած տնօրեն շահագրգռված է:
Ինձ հայտնի չէ որեւէ դպրոց, որտեղ գործում է ծնողական հիմնադրամ եւ որին ծնողները մասնակցում են կամավորության սկզբունքով, որովհետեւ ծնողական ներդրման անունը պաշտոնյաները դրել են «դրամահավաք» եւ արգելում են:
Ինձ հակադարձում են, թե ծնողները կամավոր ներդրում չեն անի: Երբեք համաձայն չեմ, ամեն ինչ կախված է տնօրենի կողմից դպրոցի ֆինանսական խնդիրները ներկայացնելու ճիշտ ձեւակերպումից եւ ամենամսյա ազնիվ հաշվետվությունից: Եթե ծախսերի հաշվետվությունը ազնվորեն է ներկայացվում, ապա ծնողները վստահում ու կամավոր ամսական 200-300 դրամ ներդրումներ են անում:
Ծնողական հիմնադրամը տնօրինող խորհուրդը, որի անդամների նպատակը պետք լինի միա՛յն աշակերտների կրթության առավել բարձր մակարդակ ապահովելը եւ ո՛չ ավելին, պետք է յուրաքանչյուր ամիս ծնողական համայնքին ներկայացնի հաշվետվություն այն մասին, թե տնօրենն այդ ամսում ինչ ծախսերի առաջարկ է արել ծնողական խորհրդին եւ որ ծախսերն են հավանության արժանացել նրա կողմից ու իրականացվել: Սեփական փորձով համոզվել եմ, որ ծնողների իսկապես կամավոր մասնակցությունը դպրոցի կյանքին համագործակցության շատ լավ օրինակ է լինում թե' ծնողների, թե' աշակերտների համար: Նման մասնակցությունը երկուստեք պարտավորեցնող է լինում: Ամսեկան հավաքված այդ գումարը շատ տարբեր տնտեսական հարցեր է լուծում, որոնք հաճախ առձեռն գումար են պահանջում տնօրենից, ինչպես նաեւ սովորողներին թատրոն, թանգարան տանելու կամ միջոցառումների համար տարբեր պարագաներ, նյութեր գնելու համար է ծառայում, որը միեւնույն է հավաքվում է ծնողների կողմից եւ չգիտես ինչու անունը դրվում է «դրամահավաք»:
Փաստորեն, վերոնշյալ կարգի համաձայն մի կողմից կառավարության կողմից խրախուսվում է այն դպրոցը, որտեղ ծնողներն անում են դրամական ներդրումներ եւ այդ ցուցանիշը բարձրացնում է դպրոցի վարկանիշը, մյուս կողմից նույն կառավարությունը, ի դեմս ԿԳ նախարարի, Երեւանի քաղաքապետի եւ մարզպետների, կատեգորիկ արգելում են ծնողական ներդրումները: Իհարկե իրավացիորեն ինձ կհակաճառեն ասելով, որ «ներդրում» եւ «դրամահավաք» բառերի նշանակությունը տարբեր է, առաջինը նույնացվում է կաշառքի հետ, որն իսկապես անթույլատրելի է, սակայն այդ պաշտոնյաները չեն նշում, որ արգելվում է քննությունների ընթացքը կազմակերպելու, ատեստատները գրելու, դասավանդող ուսուցիչներին եւ տնօրեններին նվերներ անելու համար գումարներ հավաքելը , վերջին զանգից հետո ռեստորան գնալու թույլտվության (այս «հարկատեսակը» տնօրեններից մեկի նորամուծությունն է) կամ դրամահավաքի շատ տարածված տեսակ` աշակերտի բացակայությունների դիմաց գումար հավաքելը:
Այսպիսով, ինչպե՞ս վարվի դպրոցի տնօրենը, խրախուսի եւ կազմակերպի ծնողական հիմնադրամ ու դպրոցի ներքին գնահատման հաշվետվության մեջ ծնողների ներդրումների մասին հաշվետվություն ներկայացնի՞, թե ոչ, սա հարց է, որի պատասխանն այսօր հայտնի չէ: Վստահ եմ շատ դպրոցների տնօրեններ եւ ես ակնկալում ենք ՀՀ կառավարության պարզաբանումը»:





























